
Այս պահին դատարանը լուծել է միայն մեղավորության հարցը, ինչից տուժող կողմը գոհ է այն իմաստով, որ դատարանի կողմից կայացված վերդիկտը բխում է գործով հավաքված եւ դատարանում հետազոտված ապացույցների ծավալից։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 30–ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի գործով տուժող կողմի պաշտպան Րաֆֆի Ասլանյանը։
Դիտարկմանը, որ ամբաստանյալը մինչև օրս պնդում է, որ անմեղ է, որ ինքը արագությունը չի գերազանցել, Րաֆֆի Ասլանյանն ասաց. «Ամբաստանյալը և ամբաստանյալի պաշտպանները օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանվելու իրավունք ունեն, հետևաբար իրենց մեղադրանքը վիճարկելը բխում է իրենց քրեադատավարական իրավունքից։ Բայց երբ պաշտպանության կողմը դա վերածում է արդեն իրավական շանտաժի, օրինակ, պաշտպան Բալոյանը երեկ ասում էր, որ Սոնա Մնացականյանը գուցե քաղաքական հայացքներով պայմանավորված դիտավորյալ չի զիջել և դիտավորյալ հատել է ճանապարհը կամ դիտավորյալ հետ քայլ է կատարել, այսինքն երբ փորձում են տուժող անձին ինքնասպանություն վերագրել, սա արդեն, ես կարծում եմ՝ իրավունքի տիրույթում այնուամենայնիվ չի տեղավորվում։ Որքան էլ ազատ պաշտպանվելու հնարավորություն ունի կողմը, պետք է այդ սահմանները պահպանի»։
Մանրամասն՝ տեսանյութում։