
Կանադական զենքն առաջվա նման մատակարարվում է Իսրայելին, չնայած Օտտավայի կողմից գործող արգելքին: Այս մասին հաղորդում է The Globe and Mail թերթը՝ վկայակոչելով հարկային տվյալները։
Պարբերականը վկայակոչում է Կանադայի World Beyond War իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Ռեյչել Սմոլին, որը, հղում անելով Իսրայելի հարկային մարմինների տվյալներին, պնդում է, որ Կանադան շարունակում է Իսրայելին մատակարարել հրազեն և փամփուշտներ: Իրավապաշտպան վերոնշյալ կառույցը մասնագիտացած է պաղեստինցիներին օգնություն ցուցաբերելու գործում:
2024 թվականի մայիսին Ուիլյամ Բլերը, որն այդ ժամանակ զբաղեցնում էր Կանադայի ազգային պաշտպանության նախարարի պաշտոնը, պնդել է, որ Օտտավան նույն տարվա հունվարից դադարեցրել է ցանկացած տեսակի զենքի արտահանումն Իսրայել: Այդ ժամանակ Կանադայի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Մելանի Ժոլին իր հերթին հայտարարել էր, որ 2023 թ. հոկտեմբերի 7-ից Օտտավան դադարեցրել է Իսրայելին մահաբեր զենքի մատակարարումների, իսկ 2024 թ. հունվարից՝ ոչ մահաբեր զենքի մատակարարումների թույլտվությունների տրամադրումը:
Հուլիսի 30-ին ավելի վաղ CBC հեռուստաալիքը հաղորդել է, որ Կանադայի կառավարությունն ուսումնասիրում է Պաղեստինի Պետությունը ճանաչելու հարցը: