Տեւական ժամանակ մամուլում շրջում են լուրեր, որ Նիկոլ Փաշինյանի եւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի միջեւ հարաբերությունները առավել քան լարված են, այն աստիճան, որ Հայկ Մարությանը Փաշինյանի ամեն մի կարգադրություն եւ հանձնարարական միայն գրավոր հիմքով է պահանջում ներկայացնել իրեն, որ կատարի, կամ ընթացք տա, իսկ Փաշինյանն էլ արդեն բացահայտ է հայտարարում իր շրջապատում, որ փոշմանել է, որ Հայկ Մարությանին քաղաքապետ է դարձրել, ու «քֆրտում» է Մարությանին։
Մենք արդեն գրել էինք, որ Մարությանը դուրս է եկել «ՔՊ»-ից եւ ավելին հիմա էլ հայտնի է դարձել, որ սկսել է թիմ հավաքել ու փորձում է ինքնուրույն խաղացող որպես հայտ ներկայացնել։ Ամենայն հավանականությամբ, առաջիկայում ականատես կլինենք Մարությանի դեմ արշավների եւ իշխանական եւ իշխանամերձ մամուլում եւ սոցցանցերում։
Ի դեպ, շրջանառվեց նաեւ վարկած, որ Փաշինյանը կփորձի քրեական գործ կարել Մարությանի վրա։ Ինչ խոսք տհաճ է ու տգեղ, ինչպես ամեն բան, որ կապված է Փաշինյանի հետ։ Սակայն բավական անհարմար վիճակում է նաեւ Մարությանը։ Իր այսպես ասած «քաղաքական աղջիկ վախտում» նա շրջանառության մեջ էր նետել հայտնի «սեւերի ու սպիտակների» թեզը՝ հասարակությանն այդ կերպ սորտավորելով եւ իրեն, ասել է, թե փաշինյանականներին սպիտակ ներկայացնելով։ Թեզը միանգամից որսացին Փաշինյանի թիմում եւ այդ թեզով առաջնորդվում են մինչեւ այժմ։
Այն ժամանակ, սակայն, Մարությանը չէր մտածում, որ գալու է մի պահ, երբ հարաբերությունները իր պատկերացրած սպիտակների միջեւ թեժանալու է եւ բերելու է խզման։ Հիմա արդեն Փաշինյանի համար Մարությանը «սպիտակ» չէ, ու «սեւ» է։ Մարությանն ինքն իր «գույնի» մասին դեռ հստակ հայտարարություն չի արել, սակայն «սեւերն» էլ իրենց հերթին կարծես թե առանձնապես հետաքրքրված չեն, որպեսզի Մարությանին «սեւ» համարեն ու ընդունեն իրենց շարքերում։
Ինչ է ստացվում՝ որ Մարությանը ընկել է իր իսկ փորած փոսը եւ հասարակության պառակտման «բրենդային» որակավորումը տալով, հիմա նա հայտնվել է մի վիճակում, երբ այդ «բրենդային» որակավորման ոչ մի կողմում չի կարող տեղավորվել, իսկ երրորդ կողմ այդ որակավորումը չունի։ Ստացվում է, որ Մարությանը մնում է «մոխրագույնի» երանգների մեջ, սակայն դժվար թե կարողանա հասնել «Մոխրագույնի հիսոււն երանգներին»։



