ՄԱԳԱՏԷ-ն հայտնել է, որ Իրանն ավելացրել է մինչ...

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հայտարարել է, որ Իրանի հետ զգայուն թեմաների, մասնավորապես՝ միջուկային օբյեկտներում տեսախցիկների տեղադրման, օբյեկտներում ուրանի հետքերի ծագումը բացատրելու շուրջ բանակցություններում առաջընթաց չի գրանցվել։ Այս մասին հաղորդում է «Reuters» գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԳԱՏԷ-ի երկու զեկույցները։

«ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը (խմբ․՝ Ռաֆայել Գրոսի) ցավում է, որ զեկուցման այս ժամանակահատվածում ոչ մի առաջընթաց չի գրանցվել երաշխիքների հետ կապված չլուծված խնդիրների հարցում», - գրված է զեկույցներից մեկում՝ կապված այն հարցի հետ, որ Իրանը չի կարողացել հավաստի բացատրություն տալ երկու միջուկային օբյեկտներում ուրանի մասնիկների ծագման վերաբերյալ։

Զեկույցում նաև նշվում է, որ միջուկային օբյեկտներում ՄԱԳԱՏԷ-ի հսկողության տեսախցիկները կրկին տեղադրելու հարցի շուրջ սահմանափակ առաջընթաց է գրանցվել նախորդ եռամսյակում, որից հետո ոչ մի առաջընթաց չի գրանցվել։

Բացի այդ, Արևմուտքի հետ լարվածություն առաջացնող հարցերից մեկն այն է, որ Իրանն ավելացրել է մինչև 60 % հարստացված ուրանի պաշարները՝ չնայած ավելի դանդաղ տեմպերով։ Ըստ հրապարակման՝ մինչև 60 % հարստացված ուրանի ծավալն ավելացել է 7,5 կգ-ով՝ հասնելով 121,6 կգ-ի։ Միևնույն ժամանակ նշվում է, որ 7,5 կգ-ից 6,4 կգ-ը նոսրացվել է ավելի քիչ հարստացված ուրանով։