Լիտվայի և Բելառուսի սահմանին հայտնաբերվել է թ...

Լիտվայի պետական սահմանի պահպանության ծառայության (VSAT) աշխատակիցները Լազդիյայի շրջանում հայտնաբերել են ևս մեկ անավարտ ստորգետնյա թունել, որը, նախնական տվյալներով, նախատեսված է Բելառուսից Լիտվա միգրանտների անօրինական ներթափանցման համար, հաղորդում է LRT։

Ինչպես հայտնել են VSAT-ից, թունելը հայտնաբերվել է կիրակի երեկոյան Պյարտակաս գյուղի մոտ։ Սահմանապահները հատուկ տեխնիկական միջոցների օգնությամբ ֆիքսել են հողի թրթռումներ, որոնք վկայում էին պետական սահմանի մոտակայքում ստորգետնյա աշխատանքների իրականացման մասին։

Երբ աշխատակիցները ժամանել են դեպքի վայր, քաղաքացիական հագուստով շուրջ 20 տղամարդ փախուստի են դիմել Բելառուսի տարածք։

Լիտվական կողմում՝ առվակի ափի մոտ, սահմանապահները հայտնաբերել են մոտ 11 մետր երկարությամբ չավարտված թունել։ Այն փորվելիս է եղել պարեկային արահետի տակով և անցել է դեպի Լիտվայի տարածքի խորքը։

Կողքին հայտնաբերվել են գերաններ, որոնք, ենթադրաբար, նախատեսված են եղել թունելի պատերն ամրացնելու համար, ինչպես նաև փորված ավազ և դույլեր։

Նախնական տեղեկություններով՝ թունելն ավարտված չի եղել. լիտվական կողմում ելք չի եղել և հենց այդ պատճառով էլ այն հնարավոր չի եղել օգտագործել սահմանն ապօրինի հատելու համար։

Պետական սահմանն ապօրինի հատելու փորձի փաստով նախաքննություն է սկսվել։ Այս հանցագործության համար Լիտվայի օրենսդրությամբ նախատեսվում է պատիժ՝ ընդհուպ մինչև երկու տարի ժամկետով ազատազրկում։

Անհրաժեշտ քննչական գործողություններ իրականացնելուց հետո թունելը ծածկվել է հողով։