3 կանայք, որոնք խորտակեցին Ալեն Սիմոնյանի քաղ...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՔՊ-ում Ալեն Սիմոնյանի դիրքերի թուլացման մասին խոսակցությունները երեկ ստացան հերթական դրսևորումը։ Իշխող կուսակցության վարչությունը մերժեց նրա ամենամոտ թիմակիցներից մեկին՝ Հասմիկ Հակոբյանին, որը միաժամանակ առաջադրվել էր Ազգային ժողովի երկու մշտական հանձնաժողովների նախագահի պաշտոնում։

Խոսքը Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի և Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի մասին է։ Առաջինի նախագահի թեկնածուի պաշտոնում ՔՊ-ն ընտրեց Զարուհի Բաթոյանին, երկրորդում՝ Տրդատ Սարգսյանին։ Հատկանշական է, որ ընտրված թեկնածուներից ոչ մեկը կուսակցության վարչության անդամ չէ, մինչդեռ Հասմիկ Հակոբյանը վարչության անդամ է և համարվում է Ալեն Սիմոնյանի ամենամտերիմ թիմակիցներից մեկը։

Ազգային ժողովի դեռևս նախագահ Ալեն Սիմոնյանը չէր մասնակցում ո՛չ ՔՊ վարչության նիստին, ո՛չ էլ քվեարկություններին։ Նա արտերկրում հանգստանում է։

«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրների փոխանցմամբ՝ երեկվա քվեարկությունները պատահական չէին և փաստացի խորհրդանշեցին Սիմոնյանի ներսկուսակցական ազդեցության նվազումը։ Նույն աղբյուրների գնահատմամբ՝ նրա քաղաքական մեկուսացման գործընթացում առանցքային դեր են ունեցել երեք կանայք՝ օգնականից խորհրդական դարձած Աշխեն Հայրապետյանը, որը հայտնի է իբրև Սիմոնյանի արդուկ անող, նախկին օգնական, այժմ պատգամավոր և ՔՊ վարչության անդամ Հասմիկ Հակոբյանը, ինչպես նաև ԱԺ լրատվության վարչության պետ, Հովիկ Աղազարյանի նախկին օգնական Լաուրա Անտոնյանը։ Ի դեպ, օրերս նրանք միասին հանգստանում էին Իտալիայում։