Փաշինյանը սպառնում է Պուտինին․ Հայաստանի համա...

Խորհրդարանական ընտրություններից առաջ Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ կիրառվող սահմանափակումներին թեթևամտորեն վերաբերվող Նիկոլ Փաշինյանն արդեն գրեթե երկու ամիս է՝ փորձում է դուրս գալ իր իսկ ստեղծած փակուղուց, բայց ապարդյուն։ ԵՄ պաշտոնյաները եկան, խոստումներ հնչեցրին, հայտարարություններ արեցին, լուսանկարվեցին ու հեռացան։ Սակայն գեղեցիկ լուսանկարներով տնտեսություն չի կառուցվում։ Հայաստանի տնտեսությանը շուկաներ, ներդրումներ և իրական փող են պետք, իսկ դրանք շարունակում են մեծապես կախված մնալ Ռուսաստանի հետ հարաբերություններից։

Փաշինյանը նույնիսկ գնաց Եկատիրինբուրգ՝ հույս ունենալով, որ տեղում կկարողանա լուծել խնդիրը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Չստացվեց։ Ընդհակառակը՝ սահմանափակումներն ավելի խստացան։ Հետո, երկար փորձերից հետո, կարողացավ հեռախոսազրույց ունենալ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն այդ խոսակցությունն էլ ոչինչ չփոխեց։ Մոսկվայում, ակնհայտորեն, այլևս չեն պատրաստվում Նիկոլ Փաշինյանին հավատալ ոչ խոսքի, ոչ էլ խոստումների մակարդակով։

Ռուսաստանի դիրքորոշումն այսօր բավական պարզ է․ Հայաստանը պետք է հանրաքվեի ճանապարհով վերջնականապես որոշի՝ մնում է Եվրասիական տնտեսական միությունում, թե ընտրում է եվրոպական ուղին։ Քանի դեռ այդ հարցը վերջնական պատասխան չի ստացել, տնտեսական ճնշումները, ամենայն հավանականությամբ, շարունակվելու են։ Առաջինը հարվածի տակ են հայտնվում հայկական արտադրողներն ու արտահանողները, իսկ հետո՝ ամբողջ տնտեսությունը։

Փաշինյանն էլ դա շատ լավ հասկանում է։ Եթե այսօր հանրաքվե անցկացնի, ապա իր իսկ կողմից հակառուսական քարոզչությամբ ձևավորված հասարակությունը կարող է քվեարկել ԵԱՏՄ-ից դուրս գալու օգտին, սակայն դրա դիմաց Հայաստանը չի ստանա ոչ անդամակցություն Եվրամիությանը, ոչ նոր շուկաներ, ոչ էլ այն տնտեսական երաշխիքները, որոնք կփոխհատուցեն կորուստները։ Հենց սա է պատճառը, որ Փաշինյանն ամեն կերպ փորձում է խուսափել հանրաքվեից։ Տարիներ շարունակ նրա իշխանությունը հասարակության մեջ հակառուսական տրամադրություններ է ձևավորել՝ դրանք հասցնելով նույնիսկ օրենսդրական մակարդակի։ Ազգային ժողովն արդեն ընդունել է դեպի Եվրամիություն շարժվելու մասին օրենքը, իսկ հասարակության մի զգալի հատված համոզված է, որ եվրոպական դռները շուտով բացվելու են Հայաստանի առաջ։

Բայց իրականությունն այլ է։ Եվրամիությունը պատրաստ չէ ոչ ընդունել Հայաստանը, ոչ էլ իր վրա վերցնել այն տնտեսական հարվածի հետևանքները, որոնք կարող են առաջանալ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման դեպքում։ Եվրոպայում պատրաստ են գալ Երևան, լուսանկարվել Փաշինյանի հետ, հերթական գեղեցիկ հայտարարությունն անել, նույնիսկ մեկ-երկու ցուցադրական ծրագիր ֆինանսավորել, բայց դրանից այն կողմ չկա ո՛չ քաղաքական պատրաստակամություն, ո՛չ անհրաժեշտ ռեսուրս։ 

Անելանելի վիճակում հայտնված Փաշինյանը, ինչպես անկյուն մղված աղվեսը, սկսում է անել քայլեր, որոնք ավելի են խորացնում ճգնաժամը։ Ռուսաստանի հետ բանակցելու և լուծումներ գտնելու փոխարեն նա որոշել է հրապարակավ մարտահրավեր նետել Պուտինին՝ հայտարարելով, որ Հայաստանը գնալու է եվրոպական ճանապարհով և նույնիսկ կանխատեսելով, թե հայկական ապրանքների շուրջ ստեղծված իրավիճակը կարող է դառնալ «ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը»։

Սա պարզապես հերթական քաղաքական հայտարարություն չէ։ Սա ուղիղ մարտահրավեր է մի պետության ղեկավարին, որի համար ԵԱՏՄ-ն միայն տնտեսական միություն չէ, այլ Ռուսաստանի արտաքին քաղաքականության առանցքային աշխարհաքաղաքական նախագծերից մեկը։ Մեծ տերությունները սովորաբար նման մարտահրավերները չեն մոռանում և առավել ևս՝ անպատասխան չեն թողնում։

Եթե մինչև հիմա Մոսկվայում դեռ կարող էին մտածել, որ Փաշինյանի հետ հնարավոր է աշխատել կամ սպասել նրա հաջորդ քայլին, ապա այժմ կարող են գալ մեկ այլ եզրակացության․ Հայաստանը պետք է դառնա օրինակ, որպեսզի ԵԱՏՄ մյուս անդամների մտքով անգամ չանցնի նույն քաղաքական խաղերը խաղալ։

Աշխարհաքաղաքականությունը զգացմունքների, վիրավորված ամբիցիաների կամ հրապարակային կոշտ հայտարարությունների մասին չէ։ Այն ուժերի, շահերի և հաշվարկների մասին է։ Իսկ այդ խաղում փոքր պետությունները շատ հաճախ վճարում են իրենց ղեկավարների սխալ հաշվարկների գինը։

Ամենացավալին այն է, որ եթե այս հակամարտությունը շարունակվի սրվել, դրա հետևանքները չի կրելու Նիկոլ Փաշինյանը։ Դրանք կրելու են հայկական գործարանները, գյուղացիները, արտահանողները, հազարավոր աշխատատեղերը և, վերջապես, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի։ Պատմությունը, ամենայն հավանականությամբ, չի հիշելու, թե Փաշինյանը քանի անգամ սպառնաց Պուտինին։ Բայց շատ լավ կհիշի, թե այդ սպառնալիքների գինը ով վճարեց։