ԱՄՆ-ի զինվորականները Մերձավոր Արևելքում Իրանի...

Մերձավոր Արևելքում գտնվող որոշ ամերիկացի զինծառայողների կարող են հրամայել հանձնել բջջային հեռախոսները։ Պատճառն այն մտավախությունն է, որ դրանցով նկարահանված և սոցցանցերում հրապարակված տեսանյութերը կարող են օգնել Իրանին ավելի դիպուկ հարվածներ հասցնել ամերիկյան օբյեկտներին: Այս մասին հայտնում է Reuters-ը։

Ըստ գործակալության տվյալների՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի ծովակալ Բրեդ Քուփերը զինվորականներին ուղղված նամակում զգուշացրել է նման տեղեկատվության հրապարակման վտանգների մասին: Նշվում է, որ Իրանը կարող է սոցցանցերի տեսանյութերն ու լուսանկարներն օգտագործել՝ իր հարձակումների արդյունավետությունն իրական ժամանակում գնահատելու համար։ Քուփերի խոսքով՝ նման տվյալների հրապարակումը կարող է «արժենալ Պարսից ծոցի երկրներում գտնվող ամերիկյան զինվորականների և քաղաքացիական անձանց կյանքը»: Նա կոչ է արել զինվորականներին «ավելի մեծ ուշադրություն դարձնել գործողությունների անվտանգությանը», սակայն կոնկրետ քայլեր չի նշել։

Reuters-ի աղբյուրները հայտնել են, որ Հորդանանում գտնվող ամերիկյան զինծառայողներին արդեն հրամայվել է առաջիկա օրերին հանձնել հեռախոսները: Զրուցակիցներից մեկի խոսքով՝ այս միջոցառումը կարող է կիրառվել նաև տարածաշրջանի այլ երկրներում:

Ինչպես նշում է գործակալությունը, ավելի վաղ այս ամիս համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում ամերիկյան զինվորները շտապում են թաքստոց՝ Հորդանանում գտնվող ռազմաբազայի վրա Իրանի հասցրած հարվածից հետո: Այդ կադրերը Meta ընկերության խելացի ակնոցով նկարահանել էր զինծառայողներից մեկը: