«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի քաղաքական դիրքերը իշխանական թիմում շարունակում են ոչ միայն թուլանալ, այլև` վերանալ: Վերջին ամիսներին նա մեկը մյուսի հետևից կորցնում է ազդեցիկ պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունները, իսկ երեկ գրանցվեց հերթական անհաջողությունը. իշխող կուսակցությունը մերժեց նաև նրա թեկնածությունը Ազգային ժողովի Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
Հանձնաժողովի նախագահի թեկնածու ընտրվեց Նազելի Բաղդասարյանը, իսկ Արթուր Հովհաննիսյանը նիստի մեկնարկից հետո ընդամենը 10 րոպե անց լքեց ՔՊ գրասենյակը։
Սա, սակայն, Հովհաննիսյանի առաջին անհաջողությունը չէ։ Ավելի վաղ նա չընտրվեց ՔՊ վարչության անդամ՝ չնայած կուսակցության ներսում ուներ մեծ հավակնություններ։ Դրանից հետո դժվարությամբ տեղ գտավ կուսակցության նախընտրական ցուցակի ոչ պատվաբեր ?? համարում։
Այնուհետև, արդեն նոր գումարման Ազգային ժողովում, Հովհաննիսյանը փորձել էր առաջադրվել նաև ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնում, սակայն այդ նախաձեռնությունը ևս աջակցություն չստացավ, և նա կրկին մերժվեց։
«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրների փոխանցմամբ՝ այս անհաջողությունները պատահական չեն։ Կուսակցության ներսում արդեն որոշված է, որ Արթուր Հովհաննիսյանը չի շարունակի նաև ՔՊ խմբակցության քարտուղարի պաշտոնում։ Ըստ նույն աղբյուրների՝ նա կմնա շարքային պատգամավոր՝ առանց քաղաքական ազդեցության և որոշումների կայացման գործընթացում էական դերակատարության։
Մեր զրուցակիցների խոսքով՝ Հովհաննիսյանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության պատճառներից մեկը նրա վարքագիծն է։ ՔՊ-ում բազմիցս քննարկվել է, որ նա անհավասարակշիռ պահվածք է դրսևորել և իր հրապարակային հայտարարություններով վնասել իշխող թիմի հեղինակությանը։
Առավել մեծ արձագանք էր ստացել այն դեպքը, երբ Հովհաննիսյանը ընդդիմության կողմից Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջադրված Էդգար Ղազարյանի հասցեին սպառնալիքներ էր հնչեցրել՝ հայտարարելով, թե պատրաստ է «ականջներն ու լեզուն կտրել»։ Այդ հայտարարությունը լայն քննադատության արժանացավ թե՛ քաղաքական, թե՛ հանրային շրջանակներում։
Բացի այդ, Հովհաննիսյանի անունը նախկինում կապվել է նաև թմրամիջոցների վերաբերյալ քրեական գործի հետ։ Ժողովուրդ օրաթերթը բացահայտեց 0.24 մգ թմրամիջոցի հայտնաբերման պայթեցնող գործի մասին: Իսկ ներկայումս, պաշտոնական տեղեկատվության համաձայն, ՀՀ Քննչական կոմիտեի Շենգավիթի բաժնի քննիչը կազմել է արձանագրություն՝ ընդդեմ Արթուր Հովհաննիսյանի` դատավճիռը չկատարելու առիթով քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ: Սա նշանակում է, որ գործում միակ դերակատար Արթուր Հովհաննիսյանի նկատմամբ անխուսափելիորեն պետք է մեղադրանք առաջադրվի և դատախազը պետք է Արթուր Հովհաննիսյանի հետևից ԱԺ մտնի»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում



