Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը հայտարարել է, որ ներկայում չկան կանխատեսումներ, որոնք կմատնանշեն Ուկրաինայի պատերազմի սցենարով Լեհաստանի վրա Ռուսաստանի լայնամասշտաբ հարձակման հնարավորությունը։
Ընդ որում, նրա գմահատմամբ, Մոսկվան ուժեղացնում է հիբրիդային սպառնալիքները ՆԱՏՕ-ի երկրների դեմ՝ ներառյալ դիվերսիաները, սադրանքները և տեղեկատվական գործողությունները։
RMF FM -ին տված հարցազրույցում Կոսինյակ-Կամիշը նշել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում դաշնակիցները Բալթիկ ծովի վրայով որսացել են երեք ռուսական ինքնաթիռ, իսկ Ռումինիայի տարածքում խոցվել է երեք անօդաչու թռչող սարք։
Լեհաստանի ՊՆ ղեկավարը նաև ուշադրություն է հրավիրել ռուսական օրենսդրության վերջին փոփոխությունների վրա, որոնք, նրա կարծիքով, Մոսկվային հնարավորություն են տալիս արդարացնել միջամտությունը, եթե նա գտնի, որ արտերկրում ՌԴ քաղաքացիների իրավունքները, ներառյալ ռուսաց լեզվի օգտագործման և մշակույթի պահպանման իրավունքը, վտանգի տակ են։
Նախարարի կարծիքով՝ Լեհաստանի համար առավել հավանական սպառնալիքներ են մնում հիբրիդային գործողությունները. անօդաչուների կիրառմամբ սադրանքները, դիվերսիաները, ռազմավարական կարևորության ենթակառուցվածքների, ներառյալ Բալթիկ ծովում ստորջրյա մալուխների վնասումը, GPS-ազդանշանների խլացումը, ինչպես նաև Եվրամիության երկրների տարածքում սաբոտաժ կազմակերպելու փորձերը։
Բացի դրանից, Կոսինյակ-Կամիշը հայտարարել է ռուսական «տրոլների ֆաբրիկաների» ակտիվացման մասին։ Ըստ նրա՝ Վոլինյան ողբերգության թեման օգտագործվում է Լեհաստանի և Ուկրաինայի միջև հարաբերություններում լարվածություն բորբոքելու համար։
Առանձին նախարարը հայտնել է, որ Լեհաստանն ակնկալում է դառնալ այն երկրներից մեկը, որտեղ կարող է ստեղծվել Patriot համակարգերի տեխնիկական սպասարկման կենտրոն, ինչպես նաև չի բացառել երկրում այդ համալիրների համար հրթիռների արտադրության տեղակայումը, եթե ԱՄՆ-ն ընդունի համապատասխան որոշումը։



