Կառուցապատվում եւ բարձրացվում է Սեւան-Մարտուն...

Արդեն մեկ ամիս է, ինչ պետական միջոցների հաշվին շինարարական աշխատանքներ են ընթանում Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի 5-7-րդ կիլոմետր հատվածներում։Ինչպես  «Արմենպրես»-ին  տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Գեւորգ Խաչատրյանը, ճանապարհաշինական աշխատանքների անհրաժեշտությունն առաջացել է Սեւանա լճի ջրերի բարձրացման հետեւանքով։ Առաջին հատվածը գաբիոնապատվում եւ բարձրացվում է 140, երկրորդ հատվածը՝ 180 գծամետր երկարությամբ։ Առաջին հատվածի շինարարական  աշխատանքների պայմանագրային արժեքը կազմում է 89,1, երկրորդ հատվածի շինաշխատանքների պայմանագրային արժեքը՝ 104 միլիոն դրամ։ 

«Իրականացվում են հողային պաստառի վերականգնման, գաբիոնապատման, ճանապարհի բարձրացման, ասֆալտբետոնե երկշերտ ծածկի ու մետաղական արգելապատնեշի տեղադրման աշխատանքներ։ Առանձին տեղերում ճանապարհը բարձրացվելու է մինչեւ 3,5 մետր, որպեսզի զերծ մնա ջրածածկվելու եւ քանդվելու վտանգից։ Շինարարական աշխատանքները կավարտվեն առաջիկա ամիսներին»,- նշեց Գեւորգ Խաչատրյանը։