Մեր ռազմավարությունը հետևյալն է. Հայաստանը դարձնել այնպիսին, որ կարողանա մեր տարածաշրջանում ապրել առանց արտաքին օգնության և արտաքին աջակցության։ Այս մասին Բեռլինում Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանը պատրաստվում է փոխել իր Սահմանադրությունը, քանի որ դա խաղաղության համաձայնագիր ստորագրելու հիմնական խոչընդոտն է։
«Արտաքին կապերը միջազգային հանրության կամ գործընկերների հետ ընդհատելու մասին չէ խոսքը։ Մեր նպատակն է կարողանալ քննարկել մեր տարածաշրջանային օրակարգը մեր տարածաշրջանի երկրների հետ և կարողանալ ստեղծել ներդաշնակության, համերաշխության մթնոլորտ, որքան դա հնարավոր է։ Երբեք չենք ունենա իրավիճակ, որ լինեն զրո խնդիրներ, ամենուր կան խնդիրներ, այդ թվում Եվրոպայում։
Ո՞րն է մեր խոսույթը։ Մենք ասում ենք, որ խաղաղությունը հաստատված է, միանշանակ, և մենք դա կարողանում ենք տեսնել տեղում, գետնի վրա, բայց մյուս կողմից դա ամենօրյա խնամքի կարիք ունի։ Առանց ամենօրյա խնամքի և հոգածության այն ռիսկի ենթարկված կլինի։
Մեր դիրքորոշումը շատ բաց է, քանի որ երբ Ադրբեջանը այդ մտահոգությունն է առաջ քաշում, ասելով, որ ՀՀ սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Ադրբեջանին դեմ, բայց մենք կարող ենք ապացուցել, որ որևիցե տարածքային պահանջ մեր սահմանադրության մեջ չկա Ադրբեջանի նկատմամբ։ Եվ մենք կարող ենք ապացուցել դա և դե յուրե, և գործնականում։ Ավելին, Հայաստանում էլ կան որոշ մեկնաբանություններ և ընթերցումներ Ադրբեջանի սահմանադրության, որոնց համաձայն տարածքային պահանջներ կան Ադրբեջանի սահմանադրության մեջ Հայաստանի նկատմամբ։ Սակայն ինչու՞ մենք առաջ չենք քաշում այդ հարցը, որովհետև խաղաղության և Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստում, որը նախաստորագրվել է Վաշինգտոնում, բոլոր այդ հարցերին անդրադարձ կա։
Այդ համաձայնագրի առաջին իսկ հոդվածում դրույթ կա, որի համաձայն Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, հաշվի առնելով, որ խորհրդային ժամանակների վարչական սահմանները դարձել են պետական սահմաններ։ Դրա հիման վրա Հայաստանը և Ադրբեջանը որևէ տարածքային պահանջներ չունեն միմյանց նկատմամբ և պարտավորվում են այդպիսի պահանջներ, չբարձրացնել ապագայում։ Մեկ դրույթ էլ կա այդ նախաստորագրված համաձայնագրում, որի համաձայն կողմերից ոչ մեկը իրավունք չունի իր ներպետական օրենսդրությունը մեջբերել, վկայակոչել՝ չկատարելու համար այս համաձայնագիրը։ Ավելին, մեր սահմանադրության մեջ դրույթ կա, որի համաձայն վավերացված միջազգային փաստաթղթերը ավելի բարձր իրավաբանական ուժ ունեն, քան ներպետական օրենսդրությունը։
Եկեք պատկերացնենք, որ հիմա խաղաղության համաձայնագիրը ստորագրվում է, դրանից հետո մենք պետք է դա ուղարկենք Սահմանադրական դատարան, որպեսզի վերջինս ստուգի այդ համաձայնագրի պատասխանությունը մեր սահմանադրությանը։ Եթե մեր ՍԴ–ն որոշի, որ այն ամբողջովին համապատասխանում է մեր սահմանադրությանը, ապա խոչընդոտ չկա, որ դա վավերացվի, և երբ այն վավերացվի, մեր սահմանադրության համաձայն այն կստանա բարձրագույն իրավական ուժը մեր երկրում։
Ես հրապարակավ ասել եմ, որ եթե մեր ՍԴ–ն որոշի, որ այն չի համապատասխանում մեր սահմանադրությանը, անձամբ ես կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ»,– հայտարարեց Փաշինյանը։
Նա հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է արձագանքել Ադրբեջանին ուզող հարցերին, նստել և քննարկել նրբությունները. «Իմիջայլոց, գաղափար կար անգամ միջազգային իրավաբանական փորձաքննություն անցկացնել այս հարցի պատասխանը հասկանալու համար։
Մյուս կոցմից, իմ պատասխանը լիարժեք չէր լինի, եթե չնշեի մի այլ նրբություն. 2018 թվականից մենք ունեինք և ունենք օրակարգ՝ ընդունելու նոր սահմանադրություն և վերջերս մեր կուսակցության համագումարի հռչակագրում մենք հռչակեցինք, որ 2026–ի ընտրություններում մեր ժողովրդից նոր մանդատ ստանալուց հետո կնախաձեռնենք ամբողջովին նոր սահմանադրության ընդունում Հայաստանի Հանրապետության համար։ Մենք չենք քննարկում այս թեման Ադրբեջանի հետ, քանի որ այն ամբողջովին ներպետական թեմա է, մեր ներքին խնդիրն է։
Այո, ես համոզված եմ, որ մեր ժողովուրդը կքվեարկի նոր սահմանադրության օգտին, քանի որ դա վերաբերում է մեր ժողովրդավարության ամրապնդմանը, պետականության ամրապնդմանը, անկախության ամրապնդմանը և իհարկե, այն հնարավոր է ունենա որոշ տարածաշրջանային ու միջազգային ազդեցություն ևս»,– հայտարարել է Փաշինյանը։



