Կառավարությունն այսօր ընդունեց ՀՀ-ում խաղողի ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների պտղանոցներ հիմնելու համար պետական աջակցության ծրագիրը: Այն կառավարությանը ներկայացրեց գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանը: 0.5-10 հա խաղողի ու ինտենսիվ պտղատու այգիների և 0.5-3 հա հատապտղանոց հիմնող տնտեսվարողները աջակցություն կստանան:
Գեղամ Գևորգյանի խոսքով՝ պետական աջակցությունը կիրականացվի 2 բաղադրիչով.«Առաջին դեպքում կսուբսիդավորվի այգիների հիմնման նպատակով տրամադրված վարկերի տոկոսադրույքային չափով, որ տնտեսվարող սուբյեկտները վերջնական տեսքով կստանան 2 տոկոսով, իսկ սոցաջակցություն ստացող սահմանամերձ համայնքներում և առնվազն 3 հա այգի հիմնող՝ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացոնղ կոոպերատիվներին՝ 0 տոկոսով: Վարկի մարման ժամկետը 8 տարի է, իսկ արտոնյալ ժամկետը՝ 5 տարի: Երկրորդ բաղադրիչով նախատեսվում է ծախսերի 40 տոկոսը, իսկ սահմանամերձ համայնքներում նախատեսվում է 50 տոկոսի փոխհատուցում»:
Ծրագրի ամբողջ տևողությունը 8 տարի է, որից 5 տարին արտոնյալ ժամանակահատված է, այսինքն` 5 տարվա ընթացքում ֆերմերն ամսական միայն պետք է վճարի 41 հազար դրամ, քանի որ առաջին տարվա խնամքի ծախսերը պետությունը ևս ֆինանսավորում է: