Կառավարությունն առաջարկում է ունենալ հարկ վճա...

Այսօր կառավարությունն ընդունեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի կողմից ներկայացրած Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:

Նա նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից որդեգրած՝ հարկային կամավոր կարգապահության խրախուսման, օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու, ինչպես նաև հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդման համար անհրաժեշտ նորմատիվ հիմքերի ապահովմամբ:

Այսպիսով՝ հարկ վճարողի դիմումի հիման վրա Կառավարության կողմից սահմանված կարգով ուսումնասիրվելու և տրամադրվելու է օրինապահ հարկ վճարողի հավաստագիր: Նախախագծով հիմքեր է ստեղծվում և վերանայվում է օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման համակարգը` նախատեսելով հավաստագրման և խրախուսման համապատասխան մեխանիզմներ, որպեսզի հարկային կարգապահությունը ընկալվի ոչ միայն որպես պարտավորություն, այն նաև գնահատվի, լինի շահավետ և գրավիչ:

Էդվարդ Հովհաննիսյանի ներկայացրած մեկ այլ նախագծով նախատեսվում է ունենալ հարկ վճարողի օր: Հաշվի առնելով, որ 1992թ. ապրիլի 19-ին առաջին անգամ ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում հարկերի մասին» ՀՀ օրենքը, որով, ըստ էության, Հայաստանի Հանրապետությունում ձևավորվել են հարկային համակարգը և վերջինիս սկզբունքները, հարկային մարմին և հարկ վճարող հարաբերությունները՝ առաջարկվում է հարկ վճարողի օր սահմանել ապրիլի 19-ը: