Իսրայելական ավիահարվածները Եմենի տարածքում կա...

Եմենի տարածքին հասցվող իսրայելական ավիահարվածները կարող են հավասարեցվել ռազմական հանցագործության, կարծում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը։

Իսրայելը հուլիսի 20-ին հայտնել էր, որ իր ռազմական ինքնաթիռները հարված են հասցրել եմենյան հութիների ռազմական օբյեկտներին Հոդեյդայի շրջանում։ Գրոհն ուղղվել է նավթային օբյեկտների եւ էլեկտրակայանի դեմ։

HRW տվյալներով՝ գրոհի հետեւանքով զոհվել է վեց մարդ, 80 հոգի վիրավորվել է։

Դա տեղի է ունեցել այն բանից մեկ օր հետո, երբ հութիների անօդաչուն հարվածել էր Թել Ավիվի տնտեսական կենտրոնին՝ սպանելով մեկ մարդու, ինչը, HRW-ի կարծիքով, նույնպես կարող է ռազմական հանցագործություն լինել։

Իսրայելական պատասխան ավիահարվածները Հոդեյդայի դեմ ներառել են երկու տասնյակ նավթապահեստներ եւ երկու նավահանգստային ամբարձիչ, ինչպես նաեւ էլեկտրակայանը Աս-Սալիֆ շրջանում, հայտնել է իրավապաշտպան կազմակերպությունը։

«Գրոհները անչափակից վնաս են պատճառել քաղաքացիական բնակչությանը եւ քաղաքացիական օբյեկտներին։ Պատերազմի օրենքների լուրջ խախտումները, որոնք կատարվել են միտումնավոր, այսինքն՝ դիտավորյալ կամ անզգուշության պատճառով, ռազմական հանցագործություններ են»,- ընդգծվել է Human Rights Watch-ի հայտարարությունում։