Դռների մեջ՝ 37 900 տուփ ծխախոտ․ ՊԵԿ-ը մաքսանե...

Օրերս Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օդային սահմանի անցման կետերի և էլեկտրոնային առևտրի օպերատիվ հսկողության բաժին տվյալներ էին ստացվել, որ Հայաստանում գրանցված տնտեսվարող սուբյեկտը պատրաստվում է մաքսային հսկողությունից թաքցնելու միջոցով, «Կարգո» բեռնային համալիրով, դեպի ԱՄՆ արտահանել խոշոր խմբաքանակի ծխախոտային արտադրանք։

ՊԵԿ-ը, իրացնելով օպերատիվ տվյալները՝ հսկողություն է սահմանել տնտեսվարող սուբյեկտի կողմից արտահանվող բեռների նկատմամբ։

«Իրականացվող հսկողության շրջանակում «Կարգո» բեռնային համալիրում մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ արտահանվող լամինատե դռները: Այդ դռներից յուրաքանչյուրի քաշը երկու անգամ ավելի մեծ էր, քան նույն նյութից պատրաստված սովորական դռներինը։ Մաքսային զննման ընթացքում կազմաքանդվել են արտահանվող բոլոր դռները: Արդյունքում հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 37․900 տուփ առանց ակցիզային դրոշմանիշերի տարբեր երկրների արտադրության ծխախոտային արտադրանք»,– նշված է կառույցի տարածած հաղորդագրության մեջ։

Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրությունը, և նյութերը փոխանցվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն։

ՀՀ ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին պահպանել մաքսային օրենսդրության պահանջները և զերծ մնալ մաքսային հսկողությունից ապրանքները տեղափոխելու փորձերից։