Իշխանությունները մտադիր են Հայաստանում հրետան...

2021 թվականին հնարավոր է կազմակերպել հրետանային միջոցների եւ համապատասխան սպառազինության արտադրությունը, որը կկարողանա բավարարել ներքին պահանջարկը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Նա հստակեցրեց, որ դա վերաբերում է եւ՛ արկերին, եւ՛ նռնականետերի, եւ՛ ականանետերին, ինչպես նաեւ այլ բաղադրիչների: Նրա խոսքով՝ Հայաստանում այդ ուղղությամբ լուրջ ներդրումներ են արվել, կա արտադրական գործընթաց, ինչպես նաեւ հնարավորություններ կան 2021 թվականին ընդլայնելու արտադրական հնարավորությունները: «Կարեւոր նշանակություն է տրվում ռադարների, կապի միջոցների, ինչպես նաեւ օպտիկական եւ օպտիկալազերային միջոցների արտադրմանը»,-նշեց Արշակյանը:

Նա վստահեցրեց, որ բոլոր միջոցները, որոնք հատկացվել են բյուջեից, օգտագործվել են, եւ «ռազմաարդյունաբերական ոլորտի զարգացման ուղղությամբ աշխատանքը պետք է շարունակվի անկախ նրանից, թե պատրաստվում ենք պատերազմի, թե՝ ոչ»:

Նշենք, որ մինչեւ սեպտեմբերի 27-ը Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը Արշակյանը մշտապես պարծենում էր հայրենական անօդաչուներով, որոնց արտադրությունը սկսվել է գրեթե 10 տարի առաջ մինչեւ «թավշյա հեղափոխությունը»: Սակայն 44-օրյա պատերազմի ընթացքում հասարակությունն այդպես էլ չտեսավ դրանց կիրառումը ադրբեջանաթուրքական ագրեսիայի դեմ: