
Հայաստանյան իրականության անախրոնիզմներից մեկն էլ կայանում է թերեւս նրանում, որ օրինակ նախկին լրագրող եւ իր լրագրողական գործունեության ընթացքում հիմնականում «օդում կախված լուրերի» վրա հիմնված վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է լռեցնել մամուլին, ճնշել չորրորդ իշխանությանը, պարզապես արգելել ազատ խոսքը։ Դրան հասնելու համար գործադրվեցին եւ գործադրվում են բազմաթիվ միջոցներ ու դեռ գործադրվելու են։
Թե ինչու է Նիկոլ Փաշինյանն այդքան սարսափած մամուլից, կարելի է հասկանալ․ մամուլի մարդ է եղել եւ հասկանում է մամուլի ահռելի ուժը։ Սակայն անհասկանալի է, թե ինչու է դա փորձում անել այնպիսի նախաձեռնություններով, որոնք առաջին հերթին հենց իրեն կարող են վնասել, էլ չենք խոսում՝ Հայաստանի հեղինակության վնասվելու մասին։ Հերթական նման քայլը անանուն աղբյուրներին հղում տալով գրելու մասին արգելելու օրենսդրական նախաձեռնությունն է, որը հեղինակվել է իշխանության կողմից։
Զարմանալի է, որ իշխող թիմում դեռ չեն հասկացել, չնայած, որ այնտեղ կան շատ նախկին լրագրողներ, որ նման բան անել չի կարելի, որ անանուն աղբյուրին հղում տալով գրելը ինֆորմացիոն աղբյուրների պաշտպանվածության բաղադրիչ է եւ հանդիսանում է կարեւոր բաղկացուցիչ ազատ եւ այլընտրանքային ինֆորմացիա ստանալու գործընթացում։ Իշխանությունը այսքանը չի հասկանում, սակայն որոշել է ամեն գնով իր համար անհաճո հրապարակումները, որոնք արվում են անանուն աղբյուրներին հղում տալով, չեզոքացնել։ Մյուս կողմից, Փաշինյանը, ով ասում են, նույնիսկ հայելում իր արտացոլանքին էլ չի վստահում, փորձում է անել ամեն բան, որպեսզի թիմի ներսից ինֆորմացիոն անանուն արտահոսքերը բացառվեն։
Ի վերջո ինքն էլ է հասկանում, որ թիմում պարզապես հոգնել են իրենից, ինչպես մամուլում գրվեց՝ զզվել եւ փորձում են նախապատրաստվել առանց Նիկոլ կյանքին։ Ուստի այս նախաձեռնությունը նաեւ երկրորդ թիրախ որպես ընտրել է հենց իշխանական թիմին։ Սակայն Հայաստանի վարչապետը մոռանում է, որ արգելելը ազգային օրենսդրությամբ, հարցի լուծում չէ, քանի որ միջազգային օրենսդրությամբ այն պաշտպանված է եւ իր կյանքն է բարդանալու, երբ հարցը հասնի ՄԻԵԴ ու այս հիմքով Հայաստանի դեմ վճիռներ կայացվեն։
Ի դեպ՝ ազատ եւ այլընտրանքային ինֆորմացիայի հասանելիությունը փակ է նաեւ Բելառուսում, իսկ թե Լուկաշենկոն քանի սանկցիոն ցանկում է առկա իր ընտանիքի անդամներով ու թիմով հանդերձ, Փաշինյանը կարող է հարցնել անմիջապես Բատկայից, եթե քաղաքական լիդերի իր իդեալը հենց բռնակալ Բատկան է։