Իրաքում ընդունվել է օրենք, որը, ըստ ընդդիմախո...

Իրաքի խորհրդանը հունվարի 21 ընդունել է օրենքի փոփոխություն, որը, ըստ ընդդիմախոսների, օրինականացնում է մանկական ամուսնությունները, գրում է cnn.com-ը: 

Իրաքում գործող օրենքը շատ դեպքերում 18 տարին է սահմանում որպես ամուսնության նվազագույն տարիք: Սակայն ընդունված փոփոխությունները թույլ կտան հոգևորականներին որոշումներ կայացնել «իսլամական օրենքի իրենց մեկնաբանությանը համապատասխան»: Նրանցից ոմանք կարծում են, որ աղջիկները կարող են ամուսնանալ «դեռահասության վաղ տարիքում» կամ ինը տարեկանից։

Ակտիվիստներն ասում են, որ փոփոխությունները խաթարում են Իրաքի 1959 թվականին ընդունված Անձնական կարգավիճակի օրենքը, որը միավորում է ընտանեկան օրենսդրությունը և սահմանում է կանանց պաշտպանությունը: Մինչդեռ փոփոխությունների կողմնակիցները, ներառյալ պահպանողական շիա օրենսդիրները, պնդում են, որ օրենքը «համապատասխանեցվել է իսլամական սկզբունքներին» և որ այն կնվազեցնի «արևմտյան ազդեցությունը» իրաքյան մշակույթի վրա:

ՄԱԿ-ի 2024 թվականի տվյալներով՝ Իրաքում կանանց մոտ 28%-ն ամուսնանում է մինչև չափահաս դառնալը։ Մինչ օրենքի ընդունումը կրոնական առաջնորդները կարողանում էին ամուսնություններ գրանցել աղջիկների հետ՝ հոր թույլտվությամբ։ Ընդ որում, նման ամուսնությունը պաշտոնական չէր համարվում, և աղջկան, օրինակ, կարող էին հրաժարվել ծննդատուն ընդունելուց։ Դեռևս փոփոխությունների հաստատումից առաջ իրավապաշտպանները նշում էին, որ մանկական ամուսնությունների օրինականացումը զգալիորեն կբարձրացնի աղջիկների համար ֆիզիկական և սեռական բռնության վտանգը։