Պանաման բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի գլխավոր քար...

Պանամայի ղեկավարությունը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ հայտնելով, որ մերժում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Պանամայի ջրանցքի սեփականության և այն ԱՄՆ վերահսկողությանը վերադարձնելու մտադրության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է լատինաամերիկյան երկրի արտաքին գործերի նախարարության կայքը։

«Պանաման նամակ է հղել նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության ելույթի ժամանակ արված հայտարարությունների վերաբերյալ, երբ նա խոստացել էր, որ ԱՄՆ-ն կվերադարձնի Պանամայի ջրանցքը։ Նյու Յորքում ՄԱԿ-ում Պանամայի դեսպան Էլոյ Ալֆարո դե Ալբան կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում հիշեցրել է, որ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ երկրները պետք է ձեռնպահ մնան իրենց հարաբերություններում ուժի սպառնալիքից կամ կիրառումից ընդդեմ  ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

Երկուշաբթի ԱՄՆ Կոնգրեսի կենտրոնական դահլիճում՝ Ռոտոնդա քաղաքում, իր երդմնակալության ելույթով Թրամփը կրկին հայտարարեց Պանամայի ջրանցքը «հետ վերցնելու» իր մտադրության մասին։ Նա պնդել էր, որ ջրանցքի վերահսկողությունը Պանամային վերադարձնելը «հիմար նվեր էր, որը երբեք չպետք է տրվեր»: Թրամփի կարծիքով «Չինաստանն է վերահսկում Պանամայի ջրանցքը»: