ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրավացի է, երբ ասում է, որ Եվրամիությունը քիչ է ծախսում պաշտպանության վրա։ Այս մասին հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ԵՄ պաշտպանական գործակալության ամենամյա կոնֆերանսում, որը հեռարձակվում է օնլայն, տեղեկացրել է «Европейская правда»-ն։
Կալասը նշել է, որ, ըստ հետախուզական տվյալների, Ռուսաստանը կարող է փորձարկել ԵՄ ինքնապաշտպանության պատրաստությունը 3-5 տարում, ուստի ԵՄ-ը պետք է մեծացնի իր ռազմական հնարավորությունները։
«Անցած տարի անդամ երկրները պաշտպանության վրա ծախսել են ՀՆԱ միջինը 1,9 տոկոսը, մինչդեռ Ռուսաստանը՝ 9 տոկոսը։ Մենք միլիարդներ ենք ծախսում մեր դպրոցների, սոցիալական պաշտպանության, առողջապահության վրա, բայց եթե ավելի շատ ներդրումներ չանենք պաշտպանության ոլորտում, այս ամենը վտանգի տակ կընկնի»,- ասել է Կալասը:
Նա ընդգծել է, որ ագրեսորին ուղղված վտանգավոր ազդանշան է նաեւ Եվրոպայի՝ ռազմական հնարավորությունների մեջ ներդրումներ կատարելու անկարողությունը։
«Նախագահ Թրամփն իրավացի է, երբ ասում է, որ մենք բավականաչափ ծախսեր չենք անում։ Ներդրումներ անելու ժամանակն է: Մեզ անհրաժեշտ են ներդրումներ անդամ երկրներից եւ մասնավոր հատվածից, բայց նաեւ ընդհանուր եվրոպական բյուջեից»,- ասել է Կայա Կալասը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ ՆԱՏՕ անդամների, այդ թվում եվրոպական, համար անհրաժեշտ է համարում ՀՆԱ 5 տոկոսի չափով ծախսերը պաշտպանության նպատակներով։