Պետդումայի պատգամավորը ՌԴ Քննչական կոմիտեին խ...

Ռուսաստանի ժողովրդական արտիստ, Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Բուրլյաևը դիմում է ուղարկել ՌԴ Քննչական կոմիտե՝ բանաստեղծ Միխայիլ Լերմոնտովի մահվան շուրջ հետաքննություն անցկացնելու խնդրանքով։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Խնդրում եմ ձեզ հետաքննություն անցկացնել ռուս մեծ բանաստեղծ Միխայիլ Յուրիևիչ Լերմոնտովի սպանության հանգամանքների վերաբերյալ… Կոչ եմ անում անցկացնել ժամանակակից, ազնիվ, անաչառ հետաքննություն՝ օգտագործելով Ռուսաստանի Քննչական կոմիտեի տրամադրության տակ գտնվող ժամանակակից տեխնոլոգիաները»,- ասվում է փաստաթղթում։

Պատգամավորը նշել է, որ տասնամյակներ շարունակ լերմոնտովագետները, քրեագիտության, բժշկության բնագավառի փորձագետները հայտարարել են, որ 1841 թվականին Լերմոնտովի սպանությունից անմիջապես հետո իրականացված հետաքննությունն անարդար է եղել։

«Այս առումով անհրաժեշտ է մասնագիտորեն հետաքննել բոլոր այն հանգամանքները, որոնք հանգեցրել են «մենամարտին» և ռուս մեծ բանաստեղծ Լերմոնտովի մահվանը»,- ընդգծել է Բուրլյաևը։

Ըստ պաշտոնական վարկածի՝ բանաստեղծը սպանվել է մենամարտում Մաշուկ լեռան ստորոտում 1841 թվականի հուլիսի 27-ին: