Իրանի ԱԳՆ-ն հանդես է եկել ԱՄՆ-ին ուղղված նախա...

Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին հանդես է եկել ԱՄՆ-ին ուղղված նախազգուշացմամբ՝ Դարխովինում գտնվող միջուկային օբյեկտի վրա իրականացված հարձակման կապակցությամբ։ Հաղորդում է ԻՐՆԱ-ն:

X սոցիալական ցանցում կատարած գրառման մեջ դիվանագետը հայտարարել է, որ «ԱՄՆ-ի հարձակումը Դարխովինում կառուցվող ատոմային էլեկտրակայանի օբյեկտների վրա վտանգավոր ոտնձգություն է Իրանի խաղաղ նպատակներով ենթակառուցվածքի դեմ»։

Ղարիբաբադիի խոսքով՝ տարածաշրջանում անկայունության սրման և անվտանգության սպառնալիքների հետ կապված բոլոր հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրում է ԱՄՆ կառավարությունը։

«Իրանը վճռականորեն դատապարտում է այս ագրեսիայի ակտը և կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ՝ իր ազգային շահերն ու անվտանգությունը պաշտպանելու համար», — ընդգծել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալը։