Հայկական բանակը 28 տարեկան է

Հունվարի 28-ը ՀՀ զինված ուժերի կազմավորման օրն է։ 28 տարի առաջ անկախ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ ձեռնամուխ եղավ նաև ազգային բանակի ստեղծմանը, որի համար վճռորոշ դեր խաղաց 1990-ի անկախության հռչակագիրը։

1992-ի այս օրը՝ հունվարի 28-ին, կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշում, դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: Նորաստեղծ նախարարության ենթակայությանը հանձնվեցին Ներքին գործերի նախարարության միլիցիայի պարեկապահակային գունդը, հատուկ նշանակության օպերատիվ գունդը, քաղաքացիական պաշտպանության գունդը և հանրապետական զինվորական կոմիսարիատը:

Քիչ ավելի ուշ հիմնվեց Պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատը` Գլխավոր շտաբը, վարչություններն ու առանձին բաժինները: 1992 թ. մայիսին պաշտպանության նախարարությունն սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին: