Կառավարությունը Հարկային օրենսգրքի բարեփոխումների նախագծից հանել է գազավորված ըմպելիքների հարկման դրույթը,-այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը.
«Եթե մենք դա դիտում ենք որպես առողջապահական խնդիր և փորձում ենք հարկել բարձր շաքարավազ պարունակող ըմպելիքները, հարց է առաջանում շաքար պարունակող այլ ապրանքների մասով»:
Politik.am-ի հետ զրույցում «Հայ կոլա» ընկերության տնօրեն Տիգրան Հովսեփյանն, ով ակցիզային հարկը հանելու հարցով հանդիպել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, ասաց, որ իր կարծիքով` Կառավարությունը հասկացել է, որ իրենց քայլը հանգեցնելու էր ոլորտի փակմանը.
«Շատ լավ է, որ Կառավարությունն ականջալուր եղավ և ճիշտ որոշում կայացրեց` ի օգուտ տեղական արտադրողների: Կարծում, եմ սա հաղթանակ է, որ տնտեսվարողն ու Կառավարությունը կարողանում ենմ միմյանց հետ բանակցել:
Ես փոխվարչապետին ասել էի, որ շաքարի պարունակության մասին օրենքը շատ ճիշտ է, բայց պետք է կիրառել ամբողջ դաշտում, ոչ թե դիսկրիմինացիոն` մի ապրանքի համար: Ի սկզբանե օրենքը պետք է կիրառվեր այն ապրանքների որոնք 5 տոկոս շաքար էին պարունակում, հետո Ֆինանսների նախարարության թեթև ձեռքով որոշել էին ֆիսկալ հհարց լուծել` թողնելով միայն գազավորված ըմպելիքներրը: Բայց այդ ցանկը շատ մեծ էր`գինիներ, կոնֆետներ, հրուշակեղեն, բնական հյութեր...»:
Տնօրենը վստահեցրեց` իրենց ապրանքանիշը կմնա գնային նույն սեգմենտի մեջ և ինչպես միշտ մատչելի կլինի սպառողի համար: