Հանրապետության 32 հասցեում նախատեսվում է հիմն...

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունվարի 14-ին մշակույթի ոլորտում համագործակցության հուշագիր կնքեցին, որի շրջանակում Հանրապետության 32 հասցեում նախատեսվում է հիմնել Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ՝ նվիրված սփյուռքահայ նկարիչ, գորգանկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանին:

Լրագրողների հետ զրույցում Տիգրան Ավինյանն ասաց, որ գեղեցիկ միջավայրով տարածքը հասարակական կարևոր նշանակություն ունի, ուստի հենց այդ շենքում են որոշել թանգարան բացել։ «Քաղաքապետարանը տրամադրել է տարածքը, որում առաջիկայում վերանորոգման աշխատանքներ են իրականացվելու, ինչից հետո այն կհանձնվի մեր գործընկերներին մշակութային կառույցի բացման համար, որը Երևան քաղաքի ևս մեկ կարևոր կետ կլինի»,-նշեց քաղաքապետը։

Ավելի վաղ տարածքը հանձնված է եղել ԻԿՕՄՕՍ հասարակական կազմակերպությանը, որին Երևանի քաղաքապետարանն այլընտրանքային տարածքներ է առաջարկել։ Թանգարանի բացումը նախատեսվում է 2025-ին։

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը թանգարանի հիմնումը կարևոր իրադարձություն համարեց՝ շեշտելով, որ 2025-ին լրանում է Մարկոս Գրիգորյանի 100-ամյակը և թանգարանի բացումն արվեստագետին մեծարելու լավագույն միջոցն է։ Քոչարյանը վստահ է, որ թանգարանը թե՛ քաղաքացիների, թե՛ զբոսաշրջիկների սիրած վայրերից մեկն է դառնալու։

Խոսելով շենքի ընտրության մասին՝ փոխնախարարն ասաց, որ շենքի ձևը, ոճը շատ հետաքրքիր են ու լիովին  համապատասխանում են Գրիգորյանի աշխատանքներին։ «Շենքի կենտրոնական դիրքը, այն, որ կառույցը պատմամշակութային հուշարձան է, ևս նպաստել են վայրի ընտրությանը»,-եզրափակեց նա։

Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանի խոսքով՝ համաշխարհային արվեստում իր ուրույն տեղն ունենալով և աշխարհում հողարվեստի հիմնադիրը լինելով՝ Մարկոս Գրիգորյանը, որը նաև մեծ հռչակ է վայելել ԱՄՆ-ում, Իրանում, Իտալիայում և այլուր, վերադարձել է հայրենիք և պատմամշակութային ժառանգության մեծ արժեք ներկայացնող իր հավաքածուն նվիրել է Հայաստանին՝ պայմանով, որ կունենա առանձին թանգարան։

Նրա հավաքածուն և սեփական աշխատանքները տրվել են Գրականության և արվեստի թանգարանին և ներկայացվել են միջին արևելքի ցուցասրահում։ «Թանգարանի մասնաճյուղում ցուցադրության կոնցեպտը դեռ մշակման փուլում է։ Ամբողջ հավաքածուն չի կարող տեղավորվել թանգարանում, բայց շատ ավելի հետաքրքիր մոտեցում կլինի. ժամանակ առ ժամանակ ցուցադրությունը կփոփոխվի։ Մեզ մոտ պահվում են նրա արևելյան, հնագիտական, եվրոպական և  այլ հավաքածուները։  Կան ցուցանմուշներ Վանի թագավորության շրջանից, Կիլիկյան Հայաստանից, մինչև եվրոպական արվեստ, ցուցադրվում է նվագարկիչների մեծ հավաքածուն, արդուկների, դռնթակիչների հավաքածուն և այլն։ Մեզ մոտ են պահվում նաև նրա՝ հողագործության նվիրված մի շարք նմուշներ, Իտալիայում ապրելու տարիներին ստեղծված կտավներ»,-տեղեկացրեց Սյուզաննա Խոջամիրյանը։

Նա շեշտեց՝ Գրիգորյանի աշխատանքները ցուցադրվում են Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում, Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանում, Ռոքֆելլերների հիմնադրամում, անհատների հավաքածուներում։

Խոջաիրյանը տեղեկացրեց որ արվեստագետի 100-ամյակի շրջանակում հունվարի 17-ին Գրականության և արվեստի թանգարանում կբացվի «Մարկո և Փարաջանով» ցուցադրությունը։