Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Եգիպտոսի հետ սահմանի հարակից տարածքը կհայտարարվի «փակ ռազմական գոտի»։ Այս մասին Կացը նշել է X սոցիալական հարթակում գրառման մեջ։
«Ես հանձնարարել եմ Իսրայելի պաշտպանության բանակին Իսրայել-Եգիպտոս սահմանի հարակից տարածքը վերածել փակ ռազմական գոտու և համապատասխանաբար փոխել կրակ բացելու հրահանգները՝ պետության անվտանգությունը վտանգող անօդաչու թռչող սարքերի սպառնալիքի դեմ պայքարելու համար», - նշված է գրառման մեջ։
Կացը նաև նշել է, որ անօդաչու թռչող սարքերի միջոցով զենքի մաքսանենգությունը Գազայում պատերազմի մի մասն է և նախատեսված է Իսրայելի թշնամիներին զինելու համար։ Նա շեշտել է դա կանխելուն ուղղված քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։
«Այսօր մենք պատերազմ ենք հայտարարում մաքսանենգության մեջ ներգրավվածների դեմ, և յուրաքանչյուր ոք, ով կներթափանցի արգելված տարածք, կտուժի», - նշել է Կացը։
The Times of Israel-ի փոխանցմամբ՝ հաճախակի փորձեր են եղել Եգիպտոսի սահմանով անօդաչու սարքերի միջոցով զենք և թմրանյութեր տեղափոխելու համար. վերջին նման դեպքը գրանցվել է նոյեմբերի 4-ին։
Իսրայելի պաշտպանության նախարարի գրասենյակի հաղորդմամբ՝ նոյեմբերի 5-ի երեկոյան Կացն «արտակարգ հանդիպում» է անցկացրել անօդաչու թռչող սարքերի սպառնալիքի վերաբերյալ՝ Իսրայելի պաշտպանության բանակի, ոստիկանության, Շին Բեթի (Իսրայելի անվտանգության գործակալություն) և Պաշտպանության նախարարության պաշտոնյաների մասնակցությամբ՝ հրահանգելով ԻՊԲ-ին սահմանի հարակից տարածքը վերածել փակ ռազմական գոտու և փոփոխել գործողությունների կանոնները՝ արգելված տարածք ներթափանցող ցանկացած չարտոնված կողմին՝ անօդաչու թռչող սարքերի օպերատորներին և մաքսանենգներին հարվածելու համար։



