Տեսանյութ. Համացանցում տարածում են Նավասարդ ա...

Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, շատ ծանր է տարել Հայ Առաքելական սուրբ եկեղեցու կոշտ կեցվածքն իր կողմից իրականացված դավաճանության մասով:

Իշխանական մեդիան կրկին թիրախավորել է հայ եկեղեցին և հասկանալի է, որ նպատակը հանրության և եկեղեցու մեջ խզում մտցնելն է: Ըստ ամենայնի, իշխանություններին անհանգստացրել է այն համախմբումը, որ կա եկեղեցու շուրջ վերջին շրջանում:

Այսօր առավոտյան, երբ Կաթողիկոս Գարեգին Բ-ն այցելեց Եռաբլուր զինվորական պանթեոն, իշխանություններին սատարող Ազատություն ռադիոկայանի թղթակիցը փորձեց քաղաքական երանգի տակ ներկայացնել Կաթողիկոսի հայտարարությունը: «Ազատությունը» հարց ուղղեց Վեհափառին՝ արդյոք եկեղեցին չի՞ բռնում քաղաքական ուժերից մեկի կողմը և արդյոք համախմբման փոխարեն ինչ-որ պառակտող քայլեր չի ձեռնարկո՞ւմ, Գարեգին Երկրորդն արձագանքեց: Լրատվամիջոցը հոգևոր հորը սա հարցնում է այն դեպքում, երբ գործող վարչախումբը պարտության է տարել պետությունը և իր հրաժարականը պահանջում են բոլորը և ոչ կոնկրետ մեկ քաղաքական ուժ: Ըստ էության, սա կարելի է գնահատել եկեղեցու դեմ տեղեկատվական արշավի մաս: Հետո Կաթողիկոս Գարեգին Բ-ին սկսեցին հարցնել իբրև կոռումպացված եկեղեցականների և աշխարհիկ մեղքերի մասին:

Իշխանությունների կողմից կազմակերպված տեղեկատավական այս արշավը օրվա ավարտին ունեցավ շարունակություն: Ֆեյսբուքյան ֆեյք օգտատեր Վարդան Ամիրյանը տարբեր լրատվամիջոցների ուղարկում է գաղտնալսված ձայնագրություն (այդ թվում նաև մեզ), որն առնչվում է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին: Ձայնագրության մեջ ըստ ամենայնի հեռախոսազրույց են ունենում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և ինչ որ այլ քաղաքացի; Ձայնագրության որակից հասկանալի է, որ այն կարող էին անել հատուկ տեխնիկական միջոցների օգնությամբ, որոնց կարող է տիրապետել միայն ԱԱԾ-ն:

Փորձեցինք ԱԱԾ-ի հետ կապ հաստատել հասկանալու համար, թե իրենք որքանո՞վ կապ կարող ենք ունենալ գաղտնալսված ձայնագրության հետ և արդյո՞ք այն իրենք են տարածել՝ քաղաքական իշխանության պատվերով, սակայն մեր զանգերը կառույցի մամուլի կենտրոն անպատասխան մնացին:

Հ.Գ. Հասկանալի պատճառներով հրապարակում ենք մեզ ուղարկված ձայնագրությունից մի քանի վարկյան, որպեսզի իշխանական քարոզչամեքենայի դերը չստանձնենք և չթիրախավորենք Հայ առաքելական եկեղեցին: