Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծ...

Հ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի մեկնարկը թեև տրվել է փետրվարի 1-ին, սակայն արդեն բավականին ակտիվություն կա։  Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշեց, որ ծրագրի շրջանակում արդեն հաստատվել է 1000 անձի դիմում։ 

«Մեկնարկը նոր ենք տվել, արդեն կարող ենք ասել, որ ունենք մասնակցության լավ ցուցանիշ՝ հաշվի առնելով, որ դիմումների ընդունման ժամկետի համար մեկ տարի է սահմանված։ Ասեմ, որ նախորդ տարվա հոկտեմբերի տվյալներով անհուսալի վարկեր ունեցող անձանց թիվը 220 հազար էր, այս ընթացքում փոփոխություններ եղած կլինեն։ Ինչ վերաբերում է մեր ծրագրի մոտավոր շահառուների թվին, ապա այդ 220 հազարի 60 տոկոսի չափով թիրախ ունենք»,-ասաց Դավիթ Խաչատրյանը։ 

Ծրագրին կարող են դիմել նրանք, որոնք դիմելու պահին գրանցված աշխատող են։ Աջակցությունը կլինի աշխատավարձից վարկի գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով և կուղղվի շահառուի անհուսալի վարկային պարտավորության մարմանը։ Այն կտրամադրվի առավելագույնը 24 ամիս ժամկետով` սկսած շահառու դառնալուն հաջորդող ամսվա 1-ից։ Շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից վարկի սպասարկման համար բռնագանձվող գումարի չափը նախատեսվում է սահմանել 20 տոկոս՝ 24 ամիս ժամկետով։ 

«Գրանցված աշխատող լինելուց բացի անձի ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ պետք է փոքր լինի 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի։ Եթե ամեն դեպքում, օրինակ, վարկը 1 մլն 250 հազար դրամ է, ապա անձը կարող է այդ 250 հազար դրամն իր միջոցներով վճարել, մայր գումարի չափը դարձնել 1 մլն դրամ ու արդեն դիմել ծրագրից օգտվելու համար»,-ասաց Դավիթ Խաչատրյանը։ 

Դիմումներն ընդունվում են e-social.am/services հարթակում։ Մուտք գործելուց հետո պետք է սեղմել «Կյանքի դժվարին իրավիճակ» կոճակի վրա, այնուհետև ընտրել «Անհուսալի վարկերի միջոցառում» դաշտը և ներկայացնել դիմումը։ Հարցերի դեպքում անձը կարող է դիմել նա Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։