«Սա նոր էջ է ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգո...

Եվրամիություն-Հայաստան քաղհասարակության պլատֆորմը ողջունում է Ազգային ժողովի կողմից ս.թ. փետրվարի 11-ին «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունումը:

Պլատֆորմի տարածած հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Իրավամբ, սա նոր էջ է Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության համագործակցության օրակարգում:  

Մեծապես գնահատում ենք այս նախաձեռնության անդամներ «Հանրապետություն» կուսակցության, «Հանուն Հանրապետություն» կուսակցության, «Հայաստանի Եվրոպական կուսակցության», քաղաքացիական հասարակության, այդ թվում` այս Պլատֆորմի անդամների ջանքերը: Մեր հատուկ երախտագիտությունն ենք հայտնում Հայաստանի այն քաղաքացիներին, որոնք մասնակցեցին նախաձեռնության ստորագրահավաքին և խոսքով ու գործով զորակցեցին նախաձեռնությանը: Դուք պատմական էջ եք բացում մեր պետության ապագայի համար:

Այս կապակցությամբ կոչ ենք անում Եվրոպական Միությանը սատարել Հայաստանի իշխանության, ընդդիմության և քաղհասարակության` Եվրամիությանն անդամակցելուն ուղղված ջանքերին ստեղծարար մոտեցմամբ և փորձագիտական կարողություններով:

Ի կատարումն օրենքի` Հայաստանի Հանրապետության կառավարությանը կոչ ենք անում.

- ստեղծել Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության հարցերի միջգերատեսչական հանձնաժողով` կազմված ոլորտային պետական մարմինների առաջին դեմքերից, որի նախագահությունը կստանձնի անձամբ Հայաստանի Հանրապետության վարչապետը:

- կազմավորել դրան առընթեր աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկված կլինեն նաև ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի ներկայացուցիչներ և սեղմ ժամկետներում Եվրամիության գործընկերների հետ ձեռնամուխ լինել ԵՄ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության համար անհրաժեշտ ճանապարհային քարտեզի մշակմանը:

- հնարավոր ամենասեղմ ժամկետներում ավարտին հասցնել ԵՄ-ի առջև արդեն իսկ ստանձնած հանձնառությունների կատարումը:

Եվրամիություն – Հայաստան քաղհասարակության պլատֆորմը իր խորհրդատվական, մշտադիտարկման և իրազեկման բարձրացման գործառույթների իրականացմամբ կաջակցի գործընթացի արդյունավետ իրականացմանը:

Տեղեկանք․

Եվրամիություն-Հայաստան քաղհասարակության պլատֆորմը մարմին է, որը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ- CEPA) 366-րդ հոդվածին համապատասխան։

Այն հնարավորություն է տալիս երկու կողմերի քաղհասարակության կազմակերպություններին իրենց ներդրումն ունենալ Համաձայնագրի կիրարկմանը՝ քաղհասարակության գիտելիքներն ու փորձը որոշում կայացնողներին տրամադրելու, ՀԸԳՀ-ով նախանշված բարեփոխումները մշտադիտարկելու միջոցով, իրականացման ամբողջ ընթացքում տեղեկացնելով շահագրգիռ անձանց լայն շրջանակներին։