Եվրոպական խորհրդարանը ծրագրում է գործարկել սեփական արհեստական բանականության հարթակը, որը պատգամավորներին ու աշխատակիցներին թույլ կտա նեյրոցանցերից օգտվել ապահով միջավայրում։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է Politico պարբերականը։
Ըստ հրապարակման՝ այսօր Եվրոպական խորհրդարանում ԱԲ գործիքներից ամենօրյա աշխատանքում օգտվում է շուրջ 2,1 հազար մարդ, ինչը կազմում է աշխատակազմի մոտ 20%-ը։ Որոշ օրենսդիրներ հանրամատչելի նեյրոցանցերն օգտագործում են ելույթներ ու հարցումներ պատրաստելու, ինչպես նաև օրենսդրական նախագծերի փոփոխություններ ձևակերպելու համար։ ԵԽ-ն ցանկանում է ստեղծել միասնական պաշտոնական հարթակ և գործընթացը վերցնել վերահսկողության տակ։
ԱԲ հարթակը ստացել է EPGenAI Hub անվանումը, իսկ դրա գործարկումը նախատեսված է սեպտեմբերին։ Այն հնարավորություն կտա պատգամավորներին ու աշխատակիցներին մեկ տեղից օգտվել Meta-ի, OpenAI-ի, Anthropic-ի և Mistral-ի մշակած մոդելներից։
Օգտատերերը կարող են ընտրություն կատարել ԵԽ-ի սեփական ենթակառուցվածքներում աշխատող մոդելների և արտաքին սերվերներում տեղակայված առավել հզոր ծառայությունների միջև։ Կառույցի մամուլի ծառայությունից պարբերականին հայտնել են, որ հետագայում առաջարկվող նեյրոցանցերի ցանկը կարող է ընդլայնվել՝ «հաշվի առնելով ԵՄ ինքնիշխան և բաց կոդով մոդելների ի հայտ գալը»։



