Հակառակորդը միշտ էլ փորձելու է առաջանալ։ Հարց է՝ դա իրեն կհաջողվի, թե ոչ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասել է ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Սյունիքում տեղի ունեցած իրադարձություններին։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր առավոտյան հակառակորդը միանգամից երկու ուղղությամբ տեղաշարժել է իր դիրքերը. Եթե Գեղարքունիքի մոտ ադրբեջանցիները դիրքերը տեղաշարժել են իրենց հսկողության տակ գտնվող տարածքում. Դրանք մոտեցնելով ՀՀ սահմանին, ապա Սյունիքի հատվածում մուտք են գործել ՀՀ տարածք։ Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել էր, որ հակառակորդը գիշերն առաջացել է Սյունիքի մարզի Իշխանասարի ուղղությամբ՝ առանց որեւէ կրակոցի։ ՀՀ ՊՆ-ն եւս նշել էր, որ այսօր առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում եւ բանակցություններ են տարվում նրանց հետ, իսկ Սյունիքի մարզպետը «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ հերքել էր հակառակորդի առաջխաղացումը՝ պնդելով, թե Սյունիքում հակառակորդը ոչ մի հատվածում առաջ չի եկել, եկել են դիտակետ դնելու և մոլորվել են։



