Անժամկետ սառեցված ռուսական ակտիվները կարող են ապասառեցվել միայն եվրոպական երկրների մեծամասնության քվեարկության դեպքում։ Ինչպես տեղեկացնում է «ՌԲԿ» պարբերականը, այս մասին Բրյուսելում կայացած գագաթնաժողովի շրջանակում մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Մինչ այդ յուրաքանչյուր վեց ամիսը մեկ սպառնալիք կար, որ առնվազն մեկ եվրոպական պետություն այլևս չի համաձայնի պատժամիջոցներին կամ պատժամիջոցների երկարաձգմանը, և այդ դեպքում ռուսական ակտիվները կապասառեցվեն։ Այժմ դրանք երկարաժամկետ սառեցված են և կարող են ապասառեցվել միայն մեծամասնության կողմից դրա օգտին քվեարկելու դեպքում», - ասել է Լայենը։
Reuters-ի փոխանցմամբ՝ 210 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվներն անժամկետ սառեցնելու որոշումը կայացվել է դեկտեմբերի 12-ին: Նախկինում սառեցման երկարաձգման վերաբերյալ քվեարկությունը տեղի էր ունենում յուրաքանչյուր վեց ամիսը մեկ: Սա վերացնում է այն ռիսկը, որ Հունգարիան և Սլովակիան, որոնք լավ հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ, կարող են որոշակի պահի հրաժարվել սառեցումը երկարաձգելուց՝ ստիպելով Բրյուսելին վերադարձնել միջոցները Մոսկվային։
Բրյուսելում քննարկումներից հետո ԵՄ գագաթնաժողովի մասնակիցները որոշել են 2026-2027 թվականներին Ուկրաինային ԵՄ բյուջեից 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորում տրամադրել: Սառեցված ռուսական ակտիվներն օգտագործելու առաջարկը մերժվել է: Ռուսաստանի ակտիվները կմնան սառեցված մինչև Ուկրաինային չփոխհատուցվեն նրա կորուստները։
Ռուսական կողմը զգուշացրել է, որ ակտիվները բռնագրավելու դեպքում երկրները, իրավաբանական անձինք և անհատները կբախվեն լուրջ հետևանքների։



