«Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար շեյխ Նաիմ Քասեմը Լիբանանի կառավարությանը կոչ է արել դադարեցնել ուղղակի բանակցությունները Իսրայելի հետ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Իշխանությունների պարտականությունն է դադարեցնել ուղղակի բանակցությունները իսրայելական թշնամու հետ և անցնել անուղղակի բանակցությունների»,- ընդգծել է Քասեմը։
Նա նաև նշել է, որ Լիբանանի կառավարությունը պետք է վերադառնա ազգային երկխոսությանը և չեղարկի «Հեզբոլլահ» շիական կազմակերպության զինված թևի արգելքի մասին որոշումը, որը դիմակայում է Իսրայելի ագրեսիային։
«Իշխանությունները պետք է ազգային շահերը ամեն ինչից վեր դասեն և չեղարկեն մարտի 2-ի ամոթալի որոշումը, որը «Հեզբոլլահի» մարտիկներին դնում է օրենքից դուրս»,- շեշտել է Քասեմը։ Նա կառավարությանը երկխոսության կոչ է արել՝ նպատակ ունենալով ներքին համախմբում ստեղծել ամերիկա-իսրայելական դավադրությանը դիմակայելու համար։
Քասեմը նաև հավելել է, որ շարժումը չի հրաժարվի ինքնապաշտպանության և Իսրայելի դեմ զենք կիրառելու իր իրավունքից։



