Երևանի առաջին ատյանի ընդհանուր իարավասության դատարանի Կենտրոն նստավայրում շարունակվում է ՍԴ դատավոր, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը: Թովմասյանը շարունակում է ներկայացնել պաշտպանական ճառը:
«Այն, ինչ ասում եք հիմա, դա արդեն ասել եք դատավարության մյուս փուլերում, դատարանն արդեն չգիտի, թե դա ձեզ ոնց ասի»,- հայտարարեց գործով դատավոր Տաթևիկ Գրիգորյանը:
Թովմասյանն էլ արձագանքեց. «Չգիտի, կարող է դադարեցնել, ինձ դահլիճից հեռացնել, գնալ որոշում կայացնել»:
Սրան ի պատասխան՝ դատավորը հորդորեց ճառը ներկայացնել քրեական դատավարական օրենսգրքին համապատասխան:
«Ասում եմ՝ իր ցուցմունքն անորոշ է: Ինչո՞վ է անորոշ, անորոշ է, ինչպես ամբողջ քրեական գործը այնպես էլ՝ սա: Հիմա ցույց եմ տալիս, որ այս անորոշության պայմաններում ինչպես պետք է ապացուցեմ, որ նման բան չեմ անում: Այս ամբողջի մեջ կա մի ավելի մեծ զավեշտ, ստացվում է՝ տասնյակ հարցաքննված այս վկաների շարքում միակ վկան, ով բացատրել է ու ասել է, որ ինձ տեսել է, այդպես էլ չդատակոչվեց»,- ասաց Թովմասյանը:
Դատարանը շարունակաբար ընդհատում էր Հրայր Թովմասյանին, ապա հայտարարեց՝ Դատարանը թույլ չի տալիս, որ հայտարարություն անի:
«Հարգելի՛ դատարան, այսպե՞ս ենք շարունակելու։ Այդ դեպքում ես ավարտելու եմ իմ ճառը, և եկեք վերջակետ դնենք, և ի՞նչ եք ուզում ինձանից։ Ի՞նչ պարոն Թովմասյան, թողնելո՞ւ եք ավարտեմ, թե՝ չեք թողնելու, եթե Ձեր նպատակն է շուտ պրծնել և ինձ էլ չթողնել, այս ամբողջը դարձնել հանրության սեփականություն, ապա՝ ավարտեմ»,- ասաց Թովմասյանըւ
Տաթևիկ Գրիգորյանը հայտարարեց, թե դատարանը Թովմասյանի նկատմամաբ կիրառում է դատավարական սանկցիա՝ նկատողության ձևով:
Թովմասյանն էլ արձագանքեց. «Ինչ ուզում եք՝ կիրառեք»:
Նա դատավորին հորդորեց թողնել ավարտել իր խոսքը և նշեց, որ գործով անցնող վկան միտումնավոր չի բերվել դատարան, և թե չի կարող պատկերացնել, որ Հայաստանի ոստիկանությունը չի կարողացել հանրապետության տարածքում գտնել վկային:
«Միակ վկան, որ պնդել է, թե ինձ տեսել է, չկա։ Ես պնդում եմ, որ հատուկ չկա»,- շեշտեց Թովմասյանը։



