Կենսաբազմազանության պահպանման ոլորտում նախանշված նպատակներին հասնելու խնդիրը պայմանավորված է նրանով, որ չկա գլոբալ հավակնություններն ազգային մակարդակի խնդիրների վերածելու և դրանք տեղերում կյանքի կոչելու միասնական համակարգ, և այսօր Երևանը ունիկալ շանս է ընձեռում այս ուղեգիծը շտկելու համար։ Այս մասին հոկտեմբերի 19-ին Երևանում ընթացող COP17-ի լիագումար նիստում հայտարարել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։
Նախարարը հիշեցրել է Հայաստանում «Առաջնորդները՝ հանուն բնության» գագաթնաժողովի անցկացման մասին, ինչը կենսաբազմազանության պահպանության հարցերը մղել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության առաջնագիծ։
Նրա խոսքով՝ գագաթնաժողովի արդյունքում ընդունվել է «Երևանյան հռչակագիրը», որն արտացոլում է այն համընդհանուր գիտակցումը, որ ընդհանուր հանձնառությունը պետք է վերածվի գործնական քայլերի։
Մաթևոսյանն ընդգծել է, որ այս ընթացքում ներկայացվել է 129 ազգային զեկույց, կենսաբազմազանության ոլորտի 89 ազգային ռազմավարություն և գործողությունների ծրագիր, իսկ 162 երկիր արդեն սահմանել է իր ազգային թիրախները։
«Չնայած այս բոլոր ջանքերին՝ ազգային նպատակների կեսից էլ պակասն է այս պահին իրականացվում նախատեսված ժամկետներում։ Հենց այդ պատճառով էլ «Երևանյան ուղի» ռազմավարությունն առանցքային նշանակություն ունի։ Անհրաժեշտ է համաձայնեցնել ապագա գործունեության հստակ ուղիներն ու արագացնել նախանշված խնդիրների կենսագործումը։
Հայաստանը՝ որպես Կողմերի համաժողովը նախագահող երկիր, պատրաստ է անել առավելագույնը, որպեսզի բոլոր կողմերի մտահոգությունները լսելի լինեն և հաշվի առնվեն։ Վերջին ամիսներին մենք մշտապես կարևորել ենք ինչպես մոտեցումների բազմազանությունը, այնպես էլ ընդհանուր պատասխանատվությունը։ Մենք գիտակցում ենք, որ հաշվետվողականության բացթողումները դեռ չեն նշանակում անգործություն, իսկ առաջընթացի դանդաղումը կարող է պայմանավորված լինել ռեսուրսների սղությամբ ու այլ գործոններով։
Առաջիկա երկու շաբաթվա մեր գլխավոր նպատակն է՝ հարթել տարաձայնություններն ու հասնել նրան, որ COP17-ն արդյունքներ տա՝ հաշվի առնելով, որ մեր առջև ծառացած մարտահրավերները չափազանց մեծ են լոկ տեղական մարմինների ուժերով լուծվելու համար»,— նշել է նախարարը։



