
«Կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը պարունակում է մի շարք ռիսկեր, մի շարք օրենքների խախտումներ, այդ թվում Սահմանադրության խախտումներ, որի առջեւ չենք կարող աչք փակել: Այս մասին ԱԺ-ում իր ելույթում նշեց պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Անդրադառնալով բուհերի քաղաքականացվածության, ազատությունների սահմանափակման խնդրին, նա հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2018-ի մայիսի 8-ի ելույթից մի հատված. «Կրթության ոլորտում ունենք լրջագույն հիմնախնդիրներ: Դրանցից առաջինը, որ խաթարում է կրթական ողջ գործընթացը եւ խեղաթյուրում կրթական օճախների գործունեության իմաստը, դպրոցների եւ բուհերի կուսակցականացումն է: Այս արատավոր պրակտիկային պետք է վերջ դնել, եւ քաղաքական գործառույթը պետք է լինի ընդամենը ազատ քաղաքացի դաստիարակելը»:
Թագուհի Թովմասյանը մեջբերեց նաեւ կրթության նախարարի ելույթից մի հատված, որտեղ նա ասում է. «Ցավոք սրտի նախորդ իշխանությունները բերեցին մի խորհրդի նախագահ, մի բդեշխ, որ կարող էր թելադրել համալսարանում օրակարգ, ռեկտոր, պրոռեկտոր նշանակել»: Հիմա ի՞նչ է ստացվում. Մի բդեշխին փոխարինում ենք մի ուրիշ բդեշխո՞վ: Ստացվում է, որ նախկին բոլոր արատավոր պրակտիկան, որ կիրառվել է, հիմա նորացված կիրառում ենք: Հետհեղափոխական Հայաստանում այս սկզբունքները պետք է իսպառ բացառվեն եւ այն, որ այս ընթացքում ԵՊՀ ռեկտոր չի հաջողվել նշանակել որեւէ մեկին, այդ թվում նաեւ ձեզ, պարոն նախարար, թեեւ կառավարությունը դրա ցանկությունը բազմիցս բուռն դրսեւորեց, բայց դուք «վշտից» նախարար դարձաք ու հիմա ուզում եք ունենալ գրպանային ռեկտորնե՞ր: Սա անթույլատրելի է:
Ինչ վերաբերում է նախագծով սահմանվող անձնակազմի համար տարիքային սահմանափակումներին, պատգամավորն ասաց. «Դա մարդկային ռեսուրսների կառավարման ինքնավարության կոպիտ խախտում է եւ Սահմանադրությամբ սահմանված խտրականության, այդ թվում տարիքային հիմքով խտրականության արգելքի խախտում: Կարծում եմ՝ չխպետք է լավ գործը վատ սոուսով մատուցենք, կամ հակառակը»:
Թագուհի Թովմասյանը հավելեց, որ իրենց դժգոհություններ են հասել, որ մի շարք ռեկտորներ նախարարին երկու տասնյակից ավելի առաջարկություններ են ներկայացրել, որոնք ոչ մեկը չի ընդունվել:
«Խնդրում եմ ձեզ, այս ամբիոնից խոստացեք, որ բուհերը քաղաքականացնելու եւ գրպարային ռեկտորներ ունենալու ձեր մտադրությունից հրաժարվելու եք»,-իր խոսքն ամփոփեց նա: