Ճապոնիայի ընդդիմությունը խորհրդարան է ներկայա...

Ճապոնիայի Սահմանադրական-դեմոկրատական ​​կուսակցությունը (ՍԴԿ), որը երկրի առաջատար ընդդիմադիր ուժն է, այսօր խորհրդարանի ստորին պալատի քննարկմանն է ներկայացրել վարչապետ Ֆումիո Կիսիդայի կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձևի նախագիծ։ Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այդ մասին հաղորդել է երկրի Ազգային հանրային հեռուստատեսությունը։

Հեռուստատեսության տվյալներով` ՍԴԿ-ն Կիսիդային մեղադրում է, մասնավորապես, երկրում գների բարձրացման դեմ պայքարի ոչ բավարար միջոցների մեջ։

Իշխող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցությունը դաշնակիցների հետ մեծամասնություն ունի ստորին պալատում և արդեն օրվա ընթացքում մտադիր է լիագումար նիստում մերժել այդ նախագիծը։ Կառավարությանն անվստահության քվե հայտնելու օգտին  են հանդես եկել նաև Ճապոնիայի Կոմունիստական ​​կուսակցությունից խորհրդարանի պատգամավորները։ Մնացած ընդդիմադիր ուժերն այն չեն պաշտպանել։

Ճապոնիայի կառավարությունն ավելի վաղ սպառնացել էր ի պատասխան անվստահություն բանաձևի նախագծի ներկայացման վաղաժամկետ արձակել ստորին պալատը և նշանակել արտահերթ ընտրություններ։ Սակայն Կիսիդան առայժմ հրաժարվել է այդ ծրագրից: