Նոր Զելանդիայում ձյուն է տեղացել

Անտարկտիկայից ներխուժած ցուրտ օդի հոսանքները պատել են Նոր Զելանդիայի Հարավային կղզին՝ իրենց հետ բերելով ձյուն մինչև ծովի մակարդակ, կտրուկ ցրտեր և տրանսպորտի աշխատանքի խափանումներ, հայտնում է Reuters գործակալությունը։

Անբարենպաստ եղանակից ամենաշատը տուժել է Դանիդին քաղաքը՝ մեծությամբ երկրորդը Հարավային կղզում։ Ձյունը ծածկել է փողոցները, իսկ ոստիկանությունը բնակիչներին հորդորել է ճանապարհների մերկասառույցի պատճառով զերծ մնալ ոչ խիստ անհրաժեշտ ուղևորություններից։ Ըստ իրավապահների՝ առավոտյան տեղի է ունեցել մի քանի ճանապարհատրանսպորտային պատահար, սակայն տուժածներ չկան։

Ձյան առատ տեղումների պատճառով քաղաքում չեղարկվել են բոլոր ավտոբուսային երթուղիները։ Ուժեղ քամու և բարձր ալիքների պատճառով դադարեցվել են նաև լաստանավային երթևեկությունները Հյուսիսային և Հարավային կղզիների միջև։

MetService ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ ձյուն է տեղացել անգամ Քրայսթչերչի Նյու Բրայթոն լողափում։ Դանիդինի համար ծովի մակարդակին հասնող ձյունը հազվագյուտ երևույթ է համարվում, թեև քաղաքի բլրաշատ շրջաններում ուժեղ ցրտերի ժամանակ այն երբեմն տեղում է։

Օդերևութաբանները զգուշացնում են, որ ցուրտ եղանակը կպահպանվի ևս առնվազն երկու օր։ Հինգշաբթի երկրի շատ շրջաններում հնարավոր է գրանցվեն տարվա սկզբից ի վեր ամենացածր ջերմաստիճանները։