Բոլոր պարերը պարե՞լ եք, մնացել է սարի սմբուլը...

Երբ այս քաղաքային թիմը ստանձնեց իշխանությունը, ունեինք 1998 հաստիք, մենք նախկինում էլ էինք բարձրաձայնել ու երկուսուկես տարի շարունակ բարձրաձայնում ենք՝ չի կրճատվում, չի օպտիմալացվում, այդ բառի տակ տեղավորում եք ամեն ինչ, բացի օպտիմալացումից: Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, Երեւանի ավագանու նիստում ասաց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Դավիթ Համբարյանի այն առաջարկությանը, որ պետք է կառուցվածքային փոփոխություններ կատարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության և անձնակազմի կառավարման բաժնի կառուցվածքային ստորաբաժանումներում:

«Պարո՛ն Համբարյան, կրճատեք քաղաքապետի խորհրդականների, խորհրդականների օգնականնների, խորհրդականների օգնականների վարորդների հաստիքները, խորքային փոփոխություններ արեք: Անձնավորված մղումներով բերում, կպցնում եք, այսինքն բոլոր պարերը պարե՞լ եք, մնացել է սարի սմբուլը, մնացել է Թեժ գծի բարեհամբյուր աշխատակիցների հա՞րցը: Սա համարում եք օպտիմալացո՞ւմ, որ բյուջեի վրա հավելյալ միլիոններ է ավելանալու, եթե համարում եք, որ ճիշտ որոշում կայացրեցիք, և խաբելու եք, որ դա օպտիմալացում է, այդ դեպքում բան չունեմ ասելու»: