Կառավարությունը հավանություն տվեց «Եվրոպական Միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագծին։
«Կառավարության դիրքորոշումն այն է, որ կառավարությունը չի առարկում այս օրենքի ընդունմանը, բայց ուզում եմ նաև արձանագրենք, թե ինչ է սա նշանակում: Սա չի նշանակում Հայաստանի անդամակցություն ԵՄ-ին բառի հենց ուղիղ իմաստով, որովհետև այդ կետին հասնելը չի կարող լինել օրենքի և կառավարության որոշման մակարդակով: Այդ կետում որոշում կայացնելը կարող է լինել միայն հանրաքվեի ճանապարհով: Եթե նույնիսկ մենք հիմա կայացնենք ԵՄ-ին կամ վերպետական որևէ կազմակերպության անդամագրվելու որոշումը, մեր սահմանադրության համաձայն, կարելի է կայացնել միայն ու միայն հանրաքվեի միջոցով: Սցենարներից որևէ մեկի պարագայում ՀՀ-ն ԵՄ-ի անդամ կարող է դառնալ միայն այն դեպքում, երբ կնշանակվի հանրաքվե, և մեր սահմանադրությամբ նախատեսված կարգով և հանրաքվեի մասնակիցների սահմանված չափով կողմ ձայներ կստացվեն»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ այս օրենքի ընդունման պարագայում պետք է ունենալ գործողությունների որոշակի պատկերացում:
«Այս օրենքի ընդունումից հետո մենք ԵՄ-ի հետ պետք է քննարկենք այն ճանապարհային քարտեզը, որոնք իրենք են պատկերացնում, և որը մենք ենք պատկերացնում, ու մենք պետք է իրար հետ ճանապարհային քարտեզ մշակենք: Մինչև այդ քարտեզի ստեղծումը, ՀՀ-ն որևէ այլ գործողություն չունի անելու, սա ասում եմ հանրության շրջանում ակնկալիքները ճիշտ ձևակերպելու համար»,- ընդգծեց Փաշինյանը: