Փարիզում անկարգությունների ժամանակ երկու մարդ...

Փարիզում պարզում են հանգստյան օրերին՝ փողոցում երկու տղամարդու մահվան հանգամանքները։ Դեպքերը տեղի են ունեցել զանգվածային ցույցերի և անկարգությունների օրը։ Այս մասին հայտնում է «Le Monde» պարբերականը։

Նախնական տվյալներով՝ երկուսի մահվան պատճառն էլ ինքնազգացողության հանկարծակի վատացումն է եղել։ Այս պահին քննությունը կողմնակի անձանց միջամտության վարկած չի դիտարկում։

Առաջին դեպքը գրանցվել է շաբաթ երեկոյան Փարիզի 10-րդ շրջանի Շատո դ’Օ փողոցում՝ բախումների գլխավոր կիզակետերից մեկը դարձած Հանրապետության հրապարակի հարևանությամբ։ Դատախազության տվյալներով՝ այդ երեկո իրավապահներն ահազանգ են ստացել, որ, նախնական վարկածով, նոպայի հետևանքով տղամարդ է մահացել։

Փարիզի պրեֆեկտուրայից մանրամասնել են, որ ժամը 18:20-ի սահմաններում փրկարարները կանչ են ստացել. Լանկրի փողոցի և Մաժենտա բուլվարի խաչմերուկում 59-ամյա տղամարդը կորցրել էր գիտակցությունը։ Քանի որ դեպքի վայրում իրավիճակն անվտանգ չէր, տուժածին տեղափոխել են Շատո դ’Օյի հրշեջ-փրկարարական մաս։ Բժիշկներին, սակայն, չի հաջողվել փրկել նրա կյանքը, և ժամը 18:55-ին արձանագրվել է տղամարդու մահը։ Դին տեղափոխվել է դատաբժշկական ինստիտուտ, իսկ դատախազությունը մահվան պատճառները պարզելու համար քննություն է սկսել։

Երկրորդ՝ 48-ամյա տղամարդը մահացել է երկուշաբթի գիշերը՝ ժամը 01:10-ի սահմաններում, Լե Հալ թաղամասի Բերժե փողոցում։ Պրեֆեկտուրայի հաղորդմամբ՝ նրա ինքնազգացողությունը վատացել է հենց փողոցում։ Հրշեջ-փրկարարները շատ արագ են հասել դեպքի վայր, բայց տղամարդուն փրկել չի հաջողվել։ Այս դեպքով ևս քննություն է սկսվել։

Իշխանությունները հերքել են նաև սոցիալական ցանցերում պտտվող լուրերը, թե Շատո դ’Օ փողոցում մահացած անձը ոստիկանների բերման ենթարկած երիտասարդն է։ Պրեֆեկտուրայի փոխանցմամբ՝ այդ երիտասարդը ողջ է. հրշեջ-փրկարարները նրան օգնություն են ցուցաբերել, բայց հիվանդանոց կամ հրշեջ տեղամաս չեն տեղափոխել։

Երիտասարդն իր հերթին հայտարարել է, որ բռնության է ենթարկվել, ինչի առթիվ ոստիկանությունն առանձին քննություն է սկսել։ Դրա հետ մեկտեղ իշխանություններն ընդգծում են, որ այս պահին այդ միջադեպը գրանցված երկու մահվան դեպքերի հետ կապելու որևէ հիմք չկա։