ՄԱԿ-ը ողջունում է COP17-ի շրջանակում մշակված...

Մենք լիովին ողջունում ենք Երևանի հռչակագիրը և ամբողջությամբ աջակցում ենք դրանում պարունակվող՝ Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագրի իրականացումն արագացնելու կոչին, քանի որ դրա հիմնական դրույթները խորապես համահունչ են մեր կազմակերպության մանդատին։ Այս մասին COP17-ի շրջանակում անցկացված «Կենսաբազմազանության առաջնորդների» գագաթնաժողովի ընթացքում հոկտեմբերի 16-ին Երևանում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության և շրջակա միջավայրի հարցերով վարչության տնօրեն Քավե Զահեդին։

«Կենսաբազմազանությունը պարենային անվտանգության, գյուղական բնակչության կենսամիջոցների և կայուն զարգացման հիմքն է։ Մենք չենք կարողանա կանգնեցնել և հակադարձել կենսաբազմազանության կորուստը առանց պարենի արտադրության, ինչպես նաև հողային ռեսուրսների, անտառների և ջրային օբյեկտների կառավարման մոտեցումների վերափոխման։

Հուսադրող է, որ երկրներն ավելի հստակ են գիտակցում, որ գյուղատնտեսությունն ու պարենային համակարգերը կենսաբազմազանության պահպանման և կայուն օգտագործման հզոր գործիք են։

Երկրները պարտավորություններ են ստանձնել վերականգնել գրեթե 1 միլիարդ հեկտար հող, և սա հուսադրող ազդակ է, որը վկայում է լուրջ հավակնությունների մասին, թեև զգալի բացեր դեռ մնում են, հատկապես ներքին ջրային ավազանների, ինչպես նաև ծովային և առափնյա էկոհամակարգերի մասով։ Սակայն գլխավոր քննությունը, անկասկած, գործնական իրականացումն է։ Երկրներին անհրաժեշտ են հուսալի մոնիթորինգի համակարգեր, որոնք թույլ կտան հասկանալ, թե ինչն է արդյունավետ գործում, և որտեղ են պահանջվում լրացուցիչ ջանքեր։ FAO-ն պատրաստ է աշխատել երկրների և գործընկերների հետ, որպեսզի առաջիկա շաբաթներին և ամիսներին կյանքի կոչի այն հավակնությունները, որոնք մենք բերում ենք Երևան։ Գլոբալ շրջանակային ծրագրի նպատակներին հասնելը կենսաբազմազանության պահպանման և օգտագործման, ինչպես նաև ագրոպարենային համակարգերի կայունության բարձրացման մեջ է», — նշել է նա։