Հայաստանի կառավարությունը ԱԺ քննարկմանը կներկայացնի սահմանամերձ շրջանների զարգացման 2022 թվականի ծրագիրը: Կառավարության կայացրած որոշման համաձայն՝ ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների առօրյա հոգսերը հնարավորինս մեղմելու և կենսապայմանները բարելավելու նպատակով սահմանվում է ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալները, փոխհատուցման կարգն ու փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների ցանկը:
Ըստ այդմ, աջակցություն ստացող սահմանամերձ 23 համայնքների 81 բնակավայրերի աջակցության համար պահանջվում է 1 մլրդ 155 մլն 205.8 հազար դրամ։ Եթե նախագիծն ընդունվի, ապա սահմանամերձ համայնքներին ցուցաբերվելու է պետական աջակցություն՝ բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցում տրամադրելու համար:
Սա իհարկե լավ ծրագիր է, եւ նաեւ սպասված, քանի որ ինչպես ասում են, պետությունը սկսվում է սահմանից, սակայն բավարար չէ, քանի որ լույսի, գազի, ջրի եւ կոմունալ վարձերի փոխհատուցումը բավարար չէ, որպեսզի սահմանամերձ գյուղերում մարդիկ իրենց ապահով զգան, կամ այսպես ասած՝ «կապվեն հողին»։ Հայաստանի համար այժմ թիվ մեկ խնդիրը անվտանգային խնդիրն է, այսինքն՝ սահմանամերձ բնակավայրի բնակիչը նախ եւ առաջ պետք է զգա, որ ինքը հուսալիորեն պաշտպանված է եւ իր ու իր ընտանիքի կյանքի համար սպառնալիքներ չեն կարող ստեղծվել հակառակորդի թշնամական գործողությունների հետեւանքով։
Մյուս, կողմից, բացի փոխհատուցում տալը, անհրաժեշտ է մտածել սահմանամերձ գյուղերի կայուն զարգացման մասին, իսկ դա հնարավոր է միայն սահմանամերձ գյուղերում զբաղվածության հարցը լուծելով, որն էլ իր հերթին հնարավոր է գյուղատնտեսությամբ զբաղվողների խթանմամբ՝ լինի դա գյուղացիական կոոպերատիվների, միացյալ ֆերմերային տնտեսությունների կամ այլ եղանակներով, օրինակ՝ բերքի պետական գնման երաշխիքների կամ բերքի՝ մասնավոր սեկտորի կողմից գնման առնչությամբ պետական երաշխիքների տրամադրմամբ, որով կամ պետությունն ինքը պատրաստակամություն է հայտնում, որ կգնի գյուղացու բերքը իր կարիքների համար, օրինակ բանակի մատակարարումներ իրականացնելու, կամ պետությունը որոշակի պայմանավորվածություն է ձեռք բերում մասնավոր սեկտորի հետ, որ գյուղացու բերքը անպայման կգնվի, թեկուզ որոշակի դոտացիաներ խոստանալով գնող ընկերություններին։
Այսօրինակ ծրագերի իրականացումն իրականում շատ ավելի արժեքավոր եւ կարեւոր է, քան փոխհատուցման տրամադրումը, որը կարելի է դասել սոցիալական աջակցությունների շարքին։ Մարդուն պետք է իհարկե օգնել, որ ոտքի կանգնի, հատկապես, երբ սահմանամերձ բնակավայրում է ապրում, սակայն առավել կարեւոր է, որ մարդուն խթանեն, որ աշխատի, մասնակցի պետության բարիքի արտադրման գործընթացին։