Ավտոճանապարհներին տեղադրվել են իրազեկող արագա...

Գաղտնիք չէ, որ ծանր հետևանքներով ճանապարհատրանսպորտային պատահարների զգալի մասը պայմանավորված է սահմանված արագության գերազանցմամբ։ Այս ուղղությամբ ՆԳ նախարարությունը շարունակում է իրականացնել կանխարգելիչ և վերահսկողական միջոցառումներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ–ից։

Ի թիվս այլ միջոցառումների՝ Երևան-Սևան, Երևան-Էջմիածին և Դիլիջան-Իջևան ավտոճանապարհներին տեղադրվել են իրազեկող արագաչափեր։ Դրանց նպատակն է վարորդներին ևս մեկ անգամ տեղեկացնել տվյալ ճանապարհահատվածի համար սահմանված արագության մասին, ինչպես նաև խթանել ճանապարհային երթևեկության կանոնների պահպանմանը։

Անչափահասների անվտանգությունն առաջնահերթություն ունենալով՝ արագաչափերից մեկը տեղադրվել է Հաղարծին համայնքի դպրոցամերձ տարածքում, ինչը կստիպի վարորդներին լինել առավել զգոն հատկապես այն հատվածներում, որտեղ երեխաների ակտիվ շարժ կարող է լինել։

Խելացի արագաչափերի գործողությունները մատչելի ու հասանելի են բոլորի համար։

Եվ այսպես, եթե արագաչափի ցուցատախտակին արագությունը նշվում է կանաչ գույնով, նշանակում է, որ ընթանում եք թույլատրելի արագությամբ։

Կարմիր գույնը նախազգուշացում է, որ գերազանցել եք սահմանված արագությունը, և անհրաժեշտ է անհապաղ նվազեցնել ընթացքի արագությունը։

Հարգելի՛ վարորդներ, ՆԳ նախարարությունը հորդորում է չգերազանցել սահմանված արագությունը, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները՝ վտանգի տակ չդրնելով երթևեկության մասնակիցների՝ Ձեր, ուղևորների և հետիոտների կյանքն ու առողջությունը։