Մայիսի 4-ի դրությամբ՝ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3752 մարմիններից, մասունքներից վերցված փորձանմուշ, որոնց արդյունքում 3396-ի համար լրացվել է մահվան մասին բժշկական վկայական: Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Առողջապահության նախարարությունից։
«Փաստինֆո»-ն պաշտոնական հարցմամբ դիմել էր ԱՆ՝ պարզելու հայտնաբերված քանի՞ զինծառայողի մարմին ԴՆԹ փորձաքննության չի ենթարկվել և քանի՞ զինծառայողի մարմին է այս պահին գտնվում փորձաքննության փուլում։
Ի պատասխան ԱՆ-ից հայտնում են, որ մայիսի 5-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության ենթարկված 3752 մարմիններից և մասունքներից 70 փորձանմուշ գտնվում է փորձաքննության ընթացքում, իսկ թե քանի մարմնից կամ մասունքից դեռեւս փորձանմուշ չի վերցվել՝ ԱՆ-ն խուսափել է հայտնել։
Նախարարությունից նաև տեղեկացրել են, որ մայիսի 4-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3752 մարմիններից և մասունքներից վերցված փորձանմուշ, որոնց համար լրացվել է 3396 մահվան մասին բժշկական վկայական:
Փաստացի՝ 286 անձի մարմիններից և մասունքներից վերցված փորձանմուշներին համընկնում չի եղել։
«Փաստինֆո»-ի հարցմանը, թե համընկնում չունեցող մարմինների հետ ի՞նչ է արվում, նախարարությունից տեղեկացրել են, որ գործընթացը շարունակական է, համընկնում չունեցող մարմինները և մասունքները պահպանվում են մինչև նույնականացումը:
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ նախարարությունը կրկին մեր պաշտոնական հարցմանն ի պատասխան տեղեկացրել էր, որ ապրիլի 6-ի դրությամբ՝ 3729 զոհված զինծառայողների և քաղաքացիական անձի մարմինների ու մասունքների փորձաքննություն է կատարվել, որից 129-ը ընթացքի մեջ են։ Նույն ժամանակահատվածում 3729 փորձաքննության արդյունքում իրականացվել էր միայն 2407 նույնականացում։
Ապրիլի 16-ի դրությամբ, հայկական կողմը հաղորդել է 44 օրյա պատերազմի ընթացքում զոհված 3029 հայորդու անուն, չնայած վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հայկական կողմի զոհերի թիվը շուրջ 4000 է. «Հայկական կողմն ունի 4000 պլյուս-մինուս 50 զոհ»,- ԱԺ-ում ասել էր Նիկոլ Փաշինյանը։



