Հայաստանում 2026 թվականի հուլիսի 6-ից ուժի մեջ է մտել ոստիկանության որոշմամբ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված անձանց վարորդական իրավունքների վերականգնման նոր կարգը։ Այժմ այն քաղաքացիները, որոնց պատժաժամկետն ավարտվել է, կարող են վերականգնել իրենց փաստաթղթերը՝ առանց որակավորման քննություններ հանձնելու, վճարելով 50 հազար դրամ պետական տուրք։
ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը շեշտել է, որ քննությունների չեղարկումը չի նշանակում վերահսկողության թուլացում․ պետությունն անցնում է խիստ փորձաշրջանային վերահսկման մոդելի։
«Մենք փոխում ենք մոդելը։ Վարորդին, ով այս կարգով վերականգնել է վարորդական իրավունքը, սահմանվում է մեկ տարվա փորձաշրջան։ Սակայն խախտումների ստանդարտ 9 միավորի փոխարեն այդ ժամանակահատվածի համար նրան տրամադրվում է ընդամենը 6 միավոր»,- պարզաբանել է Մարանդյանը։



