Վաղ առավոտից տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների կողմից զանգեր, սատարման, աջակցման խոսքեր, պատրաստակամություն լսել եմ, անձամբ ես բազմաթիվ ուժերի ներկայացուցիչների հետ խոսել եմ և որքանով տեղյակ եմ՝ նրանք պատրաստվում են հայտարարությամբ հանդես գալ։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 6–ին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տան դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց նրա խոսնակ Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով նրան, որ վաղ առավոտից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը և նրան պատկանող բազմաթիվ ընկերություններում խուզարկություններ են ընթանում։
Հարցին՝ եթե Գագիկ Ծառուկյանը չմասնակցեր ընտրական գործընթացիենրին, այս ամենը իր նկատմամբ տեղի կունենա՞ր, նա պատասխանեց. «Գագիկ Ծառուկյանը ինքն է որոշում իր գործունեության, «Բարգավաճ Հայաստանի» մասնակցության և մնացած բոլոր հարցերի հետ կապված որոշումները կայացնում է անձամբ։ Այս դեպքում ևս Գագիկ Ծառուկյանը կայացրել է ընտրություններին մասնակցելու որոշում, որովհետև որպես հայ մարդ, սրտացավ մարդ պարզապես ձեռքերը ծալած և անտարբեր նստել չէր կարող՝ տեսնելով այն ամբողջ գործընթացները, որոնք ցավոք հետպատերազմյան, Հայաստանում տեղի են ունենում։
Ես հակված չեմ «եթե»–ներով առաջնորդվելու, բայց մենք բոլորս հասկանում ենք, որ այս գործընթացը կոնկրետ ֆիզիկական հաշվեհարդարների, տնտեսական հաշվեհարդարների, քաղաքական հաշվեհարդարների վերաբերյալ սպառնալիքները, հատկապես ակտիվացան նախընտրական ժամանակահատվածում։ Գագիկ Ծառուկյանը երբևէ նախահարձակ չի եղել այս ամբողջ գործընթացում, արձագանքել է հնչած սպառնալիքներին, վիրավորանքներին, հարյուրավոր անգամներ ասել է, որ իր կլասը չի գցելու, բայց միևնույն է իր այս հորդորներից հետո անգամ միշտ հնչել է ոչ պատշաճ, ոչ քաղաքական հռետորաբանություն, որոնցից ոմանց Գագիկ Ծառուկյանը, այո, ստիպված է եղել անդրադառնալ այդ տերմինոլոգիայով»։



