Ըստ Haaretz-ի, Նեթանյահուն արգելափակել է արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի կողմից առաջարկված քվեարկությունը, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևը կապ է հաստատել վարչապետի գրասենյակի հետ, գրում է «Ազատություն»-ը։
Haaretz-ը տեղեկացել է, որ Իսրայելի կառավարությունն այնուհետև տեղեկացրել է Ադրբեջանի պաշտոնյաներին, որ հարցը հանվել է Քնեսեթի օրակարգից։
Արտգործնախարարությունը Haaretz-ի հարցմանն ի պատասխան հերքել է, որ քվեարկությունը չեղարկվել է Նեթանյահուի միջամտության արդյունքում, միաժամանակ այլ բացատրություն չի ներկայացրել։
Սաարը միայն հիշեցրել է, որ կառավարությունն այս հարցով որոշում է ընդունել՝ միաձայն, չհստակեցնելով՝ ինչու այն այդպես էլ Քնեսեթ չհասավ։
Haaretz-ը հիշեցնում է՝ դեռ տասն օր առաջ ադրբեջանական Haqqin.az-ը, որը անցյալ ամիս վաճառվել էր նախագահ Իլհամ Ալիևից մրցանակ ստացած լրագրողի, հոդված էր հրապարակել՝ պնդելով, թե Իսրայելը «ուշադրություն է դարձրել» Ադրբեջանի մտահոգություններին։ Ադրբեջանական կայքը, հղում անելով իր աղբյուրներին, նշել էր, թե «Ադրբեջանի դիրքորոշումը փոխանցվել է իսրայելցի պաշտոնյաներին, վերջիններս էլ արգելափակել են նախաձեռնությունը»։ Հոդվածում պնդում էին, թե Բաքվի ջանքերով որոշումը ոչ միայն հիմա է «թաղվել», այլև քայլեր են ձեռնարկվել՝ ապագայում դրա վերակենդանացումը կանխելու համար։
Մինչ այդ՝ անցյալ ամիս Ադրբեջանի կառավարությունը պաշտոնապես դատապարտել էր Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը և կոչ արել վերանայել այն։ Արտգործնախարարությունը նշել էր, որ որոշումն աղավաղում է «1915 թվականի իրադարձությունների շուրջ պատմական փաստերը», չի նպաստի հաշտեցմանը, այլ կխորացնի առկա բաժանումները և կխաթարի տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հասնելու ջանքերը։
Ընդ որում, ըստ Haaretz-ի, չնայած ցեղասպանությունը ճանաչելու որոշումը հանվել է Քնեսեթի օրակարգից, անցյալ շաբաթ Ադրբեջանը ևս մեկ ազդանշան է ուղարկել, որը կարող է վկայել Իսրայելի հետ հարաբերությունների սառեցման մասին․ խոսքը Պաղեստինի վարչապետ Մոհամմադ Մուստաֆայի՝ Ադրբեջան կատարած այցի մասին է, ում Ալիևը հյուրընկալեց Բաքվի իր նստավայրում։ Հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահականը հայտարարել էր, թե Բաքուն աջակցում է Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով Պաղեստինյան պետության ստեղծմանը՝ անգլերեն մի հատվածում քաղաքը անվանելով «Ալ-Քուդս ալ-Շարիֆ»՝ Երուսաղեմի ավանդական արաբերեն անվանումը։ Ավելին, Բաքուն ընդգծել էր, որ շարունակում է օգնել պաղեստինցիներին, այդ թվում՝ ավագ դպրոց կառուցել Արևմտյան ափին։
Վերջին տարիներին Իսրայելը Բաքվին համարում է իր ամենակարևոր գործընկերներից մեկը՝ թե՛ տարածաշրջանում, թե՛ միջազգային հարթակում, փաստում է Haaretz-ը՝ հիշեցնելով, որ հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում Թել Ավիվը Ադրբեջանին զենք էր ուղարկում։
CNN-ն էլ վերջերս հաղորդել էր, որ Իսրայելը նաև հատուկ նշանակության ուժեր է ուղարկել Ադրբեջան՝ Իրանի դեմ վերջին ռազմական գործողությունների ժամանակ։
Իսրայելում Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու նախորդ բոլոր փորձերը ձախողվել են։ Այս մի որոշումը հրապարակ եկավ Թուրքիայի ու Իսրայելի միջև լարվածության ֆոնին, երբ Անկարան մեղադրեց Նեթանյահուի կառավարությանը Գազայում ցեղասպանություն իրականացնելու համար։
Հայաստանի կառավարությունը քննարկումներին զուսպ էր արձագանքել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Ազատության» հարցին ի պատասխան, ասել էր. «Արձագանքի կարիք մենք չենք տեսնում, որովհետև կարծում ենք՝ Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից»։



