Ադրբեջանի ԱԳՆ-ն, սովորության համաձայն, խեղաթյուրել է փաստերը՝ 1990թ. հունվարի 20-ի դեպքերը ներկայացնելով որպես «նախկին ԽՍՀՄ-ի կողմից իրականացված ջարդ՝ ադրբեջանական ժողովրդի ազգային-ազատագրական շարժումը ճնշելու նպատակով»։
Ընդարձակ հայտարարությունում Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, որ «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի անհիմն տարածքային հավակնությունների շարունակությունը, ինչպես նաեւ Հայաստանի ներկա տարածքից ադրբեջանցիների զանգվածային տեղահանումը իրենց պատմական հողերից արդարացնելու նպատակով պատրաստվել եւ իրականացվել են սադրանքներ, ինչպիսին են սումգայիթյան դեպքերը»։ Այնուհետեւ Ադրբեջանի ԱԳՆ-ն զուգահեռներ է անցկացնում 35 տարի առաջ տեղի ունեցած հունվարյան իրադարձությունների եւ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի միջեւ՝ 44-օրյա պատերազմն ու օկուպացիան անվանելով «ադրբեջանական փառապանծ բանակի փայլուն հաղթանակ եւ «հակաահաբեկչական գործողություն՝ գերագույն հրամանատարի գլխավորությամբ։
Հիշեցնենք, որ 1990թ. հունվարի 13-19-ին Բաքվում քաղաքի հայ բնակչության զանգվածային ջարդեր տեղի ունեցան, ինչը հանգեցրեց նրանց արտաքսմանը։ Հունվարի 20-ի իրադարձություններին, երբ կենտրոնական իշխանությունները վերջապես փորձ արեցին պաշտպանել հայ բնակչությանը, նախորդեց Բաքվում հայկական սարսափելի ջարդերի մեկ շաբաթը։ 1990թ. հունվարի 13-ի հայկական ջարդերի ժամանակ Բաքվում մնաց 25-30 հազար հայ։ Էլ ավելի վաղ Բաքուն լքել էր մոտ 250 հազար հայ։ Ընդհանուր առմամբ Ադրբեջանից հեռացել է մոտ 300-350 հազար հայ։ «Այն, ինչ տեղի ունեցավ Բաքվի հայերի դեմ, անմարդկային, դաժան գործողություններ էին։ Մարդկանց սպանել են, դուրս շպրտել տներից, թալանել, քշել ծովը։ Ինչ տեսավ Կասպից ծովն այս օրերին՝ պատմությունը դեռ կիմանա. սպանությունները շարունակվում էին լաստանավերում։ Նրանք նետվում էին ծովը: Մեծ մեղք կա ամբողջ ադրբեջանական ժողովրդի վրա, որովհետեւ այն ժամանակ միայն ժխտողականություն կար դա հայերի վրա բարդելու փորձեր։ Սա 20-րդ դարում հայերի երկրորդ ցեղասպանությունն էր՝ այս անգամ իրականացված ադրբեջանցի նացիստների կողմից։ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ տարբերություն չկա հայկական արյան ծարավի հարցում»,- այսպես է որակել Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը Ադրբեջանի իշխանությունների գործողությունները։
Ադրբեջանի հայ բնակչության դեմ իրականացված վայրագությունները Բաքվի իշխանությունների պատասխանն էին Լեռնային Ղարաբաղի ազատագրական շարժմանը։ Իշխանությունների պաշտոնական վարկածին աջակցելու հարցում ադրբեջանական հանրության կարծիքը բնավ միասնական չէ իշխանությունների պաշտոնական վարկածի աջակցության հարցում։ Մի քանի տարի առաջ տեղի ունեցավ ողբերգության մեջ Հեյդար Ալիեւի դերի մասին ադրբեջանցի լրագրողի գրքի շնորհանդեսը։